Գրականություն

Ախրես ինչպե՜ս վեր կենամ գնամ” բանաստեղծության վերլուծություն

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա,

Ախր ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։

Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,

Եկած՝ ուսերով Արագած սարի

Ուսերին հենված Սասնա տուն չկա։

Ախր ուրիշ տեղ

Ամեն մի քարից, առվից, ակոսից

Իմ աչքերով իմ աչքերին նայող

Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։

Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը:

Սահյանը այս բանաստեղծության մեջ ներկայացնում է իր ողջ սերը Հայաստանի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է ապրել առանց Հայաստան աշխարհի: Այս բանաստեղծությունը կարելի է համարել հայրենիքից չհեռանալու հոդոր: Սեփական հողը, դարերից եկած հոգևոր արժեքները անհնար է թողնել ու հեռանալ: Միայն Հայաստանում է, որ կարելի է ձյան մեջ արև տեսնել:

Ես համամիտ եմ բանաստեծի հետ: Ես էլ իմ կյանքը որևէ այլ երկրում չեմ պատկերացնում:

Այստեղ են իմ նախնիները, այստեղ են իմ հողն ու ջուրը…

Գրականություն

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ:

Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։

2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում բացվել է տուն-թանգարան։

Գրականություն

Դերենիկ Դեմիրճյան

 Ավելորդը

Պատմվածքի հերոսը Հաճի աղան է՝ մի վաճառական, որը շատ է սիրում և արժեքավորում իր ունեցվածքը: աճի աղայի ընտանիքում ավանդույթ կար, որ հենց որ Հաճի աղան մտնում էր տուն, ընտանիքի կանայք պետք է նրա համար սուրճ պատրաստեին, հանեին նրա կոշիկները…

Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին:

Հաճի աղան երբ իմացավ, որ թուրքերը գալու են քաղաք, առաջին բանը, որ մտածեց, իր տունը, ընտանիքը և հարստությունը փրկելն էր, իսկ եթե դա չհաջողվի, ինքն իրեն փրկելը: Նա իրեն ավելի էր սիրում, քան իր ընտանիքը:

Երբ գալիս է փախչելու պահը, Հաճի աղան չի կարողանում ֆուրգոն և սահնակ վերցնել: Սահնակը անհամեմատ փոքր էր ֆուրգոնից, և նա չի ցանկանում վերցնել իր անդամալույծ քրոջը: Եթե վերցներ, ապա չէր կարող պահել իր ընտանիքը և տարիների աշխատած հարստությունը չէր կարողնա փրկել: Եվ, քանի որ նա ինքնասեր էր ու մտածում էր իր անձի մասին, չէր կարող չվերցնել իր հարստությունները:

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար, փնտրում է քրոջը, բայց չի գտնում: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին աղքատներին բաժանելու համար:

Գրականություն

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ:

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։

Գրականություն

Հովհաննես Թումանյան

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։

Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝  հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.

-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը։ Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ Հին ժամանակ էս պատասխանն է ստացել հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։

Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։

Թումանյան, 1920 թվ․

Ես հավանեցի այս պատմվածքը և կարող եմ հաստատել այս խոսքերը “Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը”: Մոտ հարևանը ավելի շուտ օգնության ձեռք կմեկնի, քան հեռու բարեկամը:

Գրականություն

Հովհաննես Թումանյան

 Լոռեցի Սաքոն

Պոեմը սկզբում նկարագրում է Լոռու ձորը՝ սիրուն ու պատկերավոր: Սաքո անունով մի հովվի մասին է պատմում: Ձորում մի տնակ կար, ուր Սաքոն միայնակ էր այդ օրը: Սաքոն ընկեր ուներ, ով այդ գիշեր գնացել էր տուն՝ գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել, նշանածին էր կարոտել:

Աժդահա Սաքոն ընկնում է երևակայությունների գիրկը: Մտքերը այցելում են նրան, իսկ վերջում խելագարության հասցնում: Նա մտածում էր չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով: Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Ու այսպես էլ խելագարվում է Սաքոն…

Պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Թումանյանը ներկայացնում է իր ծանոթներից մեկին՝ Սաքոյի պատմությունը: Սկզբում Թումանյանը Սաքոյին ներկայացնում է անվախ, աժդահա կերպարով, իսկ վերջում արդեն խելագարված… Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել իր հետ, ինչի կարող են հասցնել մտքերը, միայնությունը ու երևակայությունը… Եվ այդ գիշեր էլ Սաքոն խելագարվում է… Ահա թե ուր կարող է հասցնել երևակայությունը:

Գրականություն

Վահան Տերյանի մասին

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը: Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»: 1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ եւ ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, – ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արեւով, անձրեւով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրեւ թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը եւ դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրեւ քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է եւ ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաեւ շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, եւ հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որեւէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, եւ վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի՜նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի՛, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, եւ նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

Գրականություն

Ֆյոդոր Դոստոևսկի Տղան թաթիկով

Պատմվածքը երկու մասից էր բաղկացած՝ “տղան թաթիկով”և “տղան քրիստոսի տոնածառի հանդեսին։ Առաջին մասում հեղինակը նկարագրում է աղքատ երեխաների կյանքը, թե ինչպես են նրանք փող մուրում, ինչպես են այդ փողը տանում ու տալիս իրենց տիրոջը, թե ինչ գարշելի ու զզվելի միջավայրում են ապրում աղքատ երեխաները։ Երկրորդ մասում հեղինակը նկարագրում է մի տղայի կյանքը, որն ավարտվեց մի օտար բակում: Տղան ապրում էր նկուղում իր մայրիկի, հայրիկի և տատիկի հետ: Հայրը հարբեցող էր, մայրը հիվանդ էր և արդեն մահացել էր, իսկ տատիկը մի անկյունում նստած որդուն էր նախատում։ Տղան դուրս եկավ նկուղից, քայլեց քաղաքում, դիտեց այլ մարդկանց ուրախությունը ապակու ետևից և հանդիպեց մի չար տղայի: Վերջինս հարվածեց տղայի գլխին և փախավ, տղան էլ փախավ ու մտավ մի օտար մարդու այգի և հենց այդտեղ էլ շունչը փչեց, հայտնվեց Քրիստոսի մոտ, գտավ իր մորը, և իր նման շատ ու շատ այլ երեխաներին։ Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչպիսի դաժան մանկություն են ունենում աղքատ երեխաները, շատ հաճախ երեխաները չեն հասցնում մեծանալ, հենց մանուկ հասակում մահանում են։ Ինչքան դաժան են մարդիկ, երբ տեսնում են իրենց կողքին կանգնած է մի խեղճ երեխայի ու չեն օգնում։ Այս է աշխարհը, այս է երկիրը՝ դաժան ու անսիրտ:

Գրականություն

Կարդա՛ ,,Արտիստը,, պատմվածքը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր:

կացարան-կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր

 կենցաղ-Կյանքի ընդհանուր կացութաձևը, որևէ ժողովրդի՝ որոշակի սոցիալական խմբի ևն սովորությունների և բարքերի ամբողջությունը, ինչպես նաև ամենօրյա ապրելու ձևը և բովանդակությունը, ապրելակերպ, ապրուստ, նիստուկաց, բարք:

 մենակեց-մենակ մնաց

 արտիստ-գեղարվեստի սիրահար, արվեստին նվիրված մարդ:

(փոխաբերական) Իր գործի շատ հմուտ և նվիրված մարդ, վարպետ:

 յուր-ինքն դերանվան հնաձև սեռական հոլովը, իր:

2. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Թեև կինը հիվանդեր նրա աչքերից երևում էր եսամոլությունը:

3. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

Արտիստը զգայուն է ու ազնիվ

Լևոնը շատ լավ արտիստ էր՝ հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

4. Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

Չաուշենկոն շտապում է իր գիրքը`«Часы горя и страданий» (<<Վշտի և տառապանքի ժամերը>>)

Բոնջուրնո- բարև ձեզ

5. Ինչո՞ւ էին Լևոնին ,,արտիստ,, ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Արտիստը այն մարդն է, ով նվիրվում է արվեստին, իր գործում հմուտ է: Ես կարող եմ ասել, որ Լևոնը արտիստ է:

6. Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը շատ նպատակասլաց մարդ էր, քանի որ իրեն ոչինչ չխանգարեց: Մայրն իրեն չէր աջակցում: Հոր մահը միանշանակ սպի թողեց իր սրտի վրա, սակայն նա շարունակեց հասնել իր միակ լուսավոր կետին, միակ սիրուն՝ Լուիզային:

7. Ներկայացրու Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները::

Լևոնը շատ մեծ ճնշում էր ստանում մոր կողմից, մայրը իրեն անընդհատ համեմտում էր իր հոր հետ, ով տրվել էր խմիչքին և շատ վատ կյանք էր ունեցել: Ինչու չէ, վատ միջավայրը նույնպես իր կյանքը դարձրեց դժոխք: Երրորդ բանը, որ վերջնականապես կոտրեց իրեն այդ այն լույսն էր, միակ սերը ՝ Լուիզան: Երբ իմացավ Լուիզայի ամուսնության լուրը, էլ չդիմացավ և խմեց ու ինքնասպան եղավ:

Գրականություն

Ստեփան Զորյանի <<Ջրհորի մոտ>> պատմվածքը

«Ջրհորի մոտ» պատմվածքը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմից մի դրվագ, որտեղ միմյանց դեմ կռվում էին ռուսական և ավստրիական զորքերը։ Պատմվածքի գլխավոր հերոսը Բաղդասարն էր։ Այն օրը, երբ պետք է ջուր մատակարարեին, անհասկանալի պատճառով չեն մատակարարում։ Տղաները ծարավում են և այլևս չեն կարողանում կռվել։ Այդ պատճառով որոշում են, որ իրենցից մեկը պետք է գնա մոտակա ջրհորը և ջուր բերի բոլորի համար։ Վիճակ են գցում, և վիճակն ընկնում է Բաղդասարին։ Նա սողեսող տեղ է հասնում։ Սպիտակ թաշկինակը թափահարելով՝ նա ջուրը հասցնում է ընկերներին։ Սակայն ջուրը չի բավականացնում բոլորին։ Այս անգամ որոշում են խմբով գնալ։ Ավստրիացիները նույնպես ծարավում են ։ Երկու կողմերը հանդիպում են ջրհորի մոտ։ Մոռանալով պատերազմի մասին՝ նրանք զրուցում և ծիծաղում են։ Երեկոյան հրամայում են կրակ բացել թշնամու վրա։ Զինվորները չեն ուզում կռվել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց բարեհոգի վաշտապետին սպանել են։ Սպանել են, քանի որ թույլատրել է տղաներին գնալ ջրհորի մոտ։ Զինվորները սպանում են մատնիչին։ Պատմվածքը մարդկային ամուր հարաբերությունների, նվիրվածության ու ամենաանկեղծ հավատարմության մասին է։

Ես շատ կցանկանայի, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լիներ, և ոչ մի երիտասարդ ստիպված չլիներ իր կյանքի գնով վճարել հայրենիքի ազատության համար …

Գրականություն

Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Գրականություն

Կռունկ

Մուշեղ Գալշոյան

Մաս  1-ին      

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։

Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։

— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։

Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։

— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։

Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու

ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր

հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։

Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:

Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում

հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում

Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը

Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։

— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։

— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։

— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։

— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։

․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։

— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։

— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի

Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։

— Մնա լուսնկային։

— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։

Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Հարցեր և առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

մյուռոն — անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների և օծումների ժամանակ:

տարաշխարհիկ — հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա:

նշխար — բոլորակ կամ բարակ ու տափակ անթթխմոր հաց (մի երեսին Քիիստոսի նկարը), որով հաղորդություն են տալիս հավատացյալներին (գինու մեջ թաթախելուց և վրան համապատասխան աղոթք կարդալուց հետո):

վեղար — Հայ կրոնավորի գլխի ծածկույթ:

լավա  — հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված

հարկավ — անշուշտ, անկասկած:

փերթ-փերթ —

պանդուխտ-  հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ:

Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

Իրիկնապահ — երեկո, իրիկուն, իրիկնադեմ

Արթնանալ — զարթնել, աչքը բաց անել

Պանդուխտ —  վտարանդի, օտարական, գաղթական

Տխուր — տրտում, մռայլ, թախծոտ

Վեհ —  բարձր, վսեմ

Աղեկտուր — գութ շարժող

Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

Առնական — կանացի, կանացիական

Հզոր — թույլ, անզոր

Տրտմություն — ուրախություն, զվարճություն

Սևահեր — թխահեր, սպիտակահեր…

Ծիծաղկոտ — լալկան