Պատմություն

Անդրանիկ

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար:

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը:

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում: Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ

Պատմություն

Դրաստամատ Կանայան

Դրաստամատ Կանայանը (Դրո) ծնվել է 1884թ. մայիսի 31-ին Իգդիրում: Երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1905թ. կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նշանակվել է երկրորդ կամավորական գնդի հրամանատար: 1918թ.-ի մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ:

Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Կարմիր բանակի կողմից Հայաստանի առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։

Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։

Անուրանալի դեր ունի Եվրոպայի հայերին և հայ ռազմագերիներին փրկելու գործում։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրատիճան պաշտոնյաների, հատկապես՝ Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի և այլ զինվորականների հետ։

Նրա կողմից լուրջ աշխատանք է տարվել Գերմանիայի վերաբերմունքը հայության նկատմամբ փոխելու գործում։ 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։

Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Հայոց պատմություն

Սիրիայի և Լիբանանի հայկական գաղութները

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Սիրիայի և Լիբանանի մի շարք բնակավայրերում՝ Հալեպում, Լաթաքիայում, Բեյրութում, կային հայկական համայնքներ։ 1880–1890-ական թվականներին այդ երկու երկրներում հայերի թիվը հասնում է 80 հազարի, որի մեծ մասը (50 հազար) բնակվում էր գյուղական վայրերում։ Հետամնաց Թուրքիայի կազմում գտնվող այդ երկրներում դեռևս գերիշխում էին կյանքի ու կենցաղի միջնադարյան ձևերը։

Հայերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, գլխավորապես՝ այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, շերամապահությամբ։ Արհեստներից լայն տարածում ունեին ջուլհակությունը, կաշեգործությունը, ոսկերչությունը։

Նշանակալից էր այս գաղթավայրերի հայերի առևտրական գործունեությունը։ Ներքին առևտրից բացի, հայերն ակտիվորեն մասնակցում էին արտաքին մեծածավալ առևտրին։ Բեյրութի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը ներմուծում էր Ծովյանովի և Մանթաշովի՝ Բաքվի ընկերության նավթի արտադրանքը և արտահանում հացահատիկ։

Ինչպես 1895–1896 թթ., այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայի և Լիբանանի հայերը ծանր կորուստներ կրեցին։ Նրանք Արևմտյան Հայաստանի հետ ենթարկվեցին թալանի ու կոտորածների։

Այդ երկրների հայկական գաղութները զրկված են եղել մշակույթը լայնորեն զարգացնելու հնարավորությունից։ Դպրոցներից նշանավոր էին Հալեպի Ներսիսյան վարժարանը և Զմառի հայ կաթոլիկ վանքի դպրոցը։ 20-րդ դարի սկզբներին լույս տեսան պարբերականներ, ստեղծվեցին թատերախմբեր, երգչախմբեր։ Մի շարք հայեր նշանակալի դեր կատարեցին արաբական մշակույթի և գիտության զարգացման գործում։

Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի հայկական գաղութները

Տակավին միջնադարում ձևավորված Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայկական գաղութները նոր շրջանում վերելք ապրեցին։ Երկու քաղաքներն էլ առևտրի համար աշխարհագրական հարմար դիրք ունեին։

Հայ առևտրականները Կ.Պոլսում ունեին իրենց խանութները, պահեստանոցները, իջևանատները։ Նրանք կապող օղակ էին Արևելքի և Արևմուտքի շատ երկրների միջև կատարվող առևտրում։ Պոլսահայ բնակչության մի ստվար խավը զբաղվում էր արհեստագործությամբ։ Հայ վարպետների ձեռքերով են կառուցվել բազմաթիվ պալատներ, մզկիթներ։

Պոլսահայ ստվար գաղութը 18–19-րդ դդ. այնքան հզորացավ, որ դարձավ արևմտահայության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոնը։ Բավական է նշել, որ 19-րդ դարի երկրորդ կեսին Կ.Պոլսում կար 80 հայկական տպարան։ Այնտեղ լույս էին տեսնում տասնյակ պարբերականներ, մեծաքանակ գրքեր։ Կային բազմաթիվ դպրոցներ, թատերական, երաժշտական և այլ հաստատություններ։ Հայ բնակչության թիվը հասնում էր շուրջ 200 հազարի։

Զմյուռնիան կամ Իզմիրը գտնվում է էգեյան ծովի ափին։ Այնտեղի գաղութը փոքրաքանակ էր։ 19-րդ դ. սկզբին Զմյուռնիայում բնակվում էին 12 հազար, իսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 30 հազար հայեր։

Այստեղ ևս տնտեսության հիմնական ճյուղերն էին առևտուրն ու արհեստագործությունը։

Հայ վաճառականները եվրոպական երկրներ էին արտահանում բամբակ, մրգեր, ձիթապտուղ, ծխախոտ, մորթիներ։ Լավ սպառում ունեին հայկական գորգերը։ Բազմատեսակ մրգերի արտահանության մեջ առաջին տեղում էր թուզը։ Այդ ասպարեզի նշանավոր առևտրականներից էր Արամ Համբարձումյանը, որը ստացել էր «թուզի թագավոր» մականունը։

Արհեստագործությունը ժառանգական բնույթ էր կրում և փոխանցվում էր սերնդեսերունդ։ 19-րդ դ. երկրորդ կեսին Զմյուռնիայում գործում էին ոսկերչական 30, ժամագործների 12, դերձակների 20, կոշկակարների 16 և այլ արհեստանոցներ։

Զմյուռնիան ևս հայ մշակույթի նշանավոր կենտրոն էր։

1919–1922 թթ. Թուրքիայի կողմից կազմակերպված ջարդի ու արտագաղթի հետևանքով Զմյուռնիայում այլևս հայ բնակչություն չմնաց։ Գաղութը դադարեց գոյություն ունենալուց։

Պարսկաստանի հայկական գաղութները

Պարսկաստանի հին հայկական համայնքներն իրենց կենսունակությունը պահպանեցին նաև պատմության նոր դարաշրջանում։

Հայերը բնակվում էին գերազանցապես հյուսիսային Պարսկաստանում՝ Թավրիզում, Խոյում, Աալմաստում, Ուրմիայում և այլ վայրերում։

Պարսկաստանի հայ բնակչությունը 19-րդ դարի առաջին կեսին հասնում էր 35–40 հազարի։ Հետագայում ստվարացավ և 20-րդ դարի սկզբներին հասնում էր 180–200 հազարի։

Արհեստներից տարածված էր ոսկերչությունը, ջուլհակությունը, դարբնությունը, կաշեգործությունը։ Երկրի ոսկերչական արհեստը գրեթե ամբողջությամբ գտնվում էր հայերի ձեռքում։

Պարսկահայերը բավականաչափ աշխույժ առևտուր էին անում երկրի ներում և նրա սահմաններից դուրս։ 19-րդ դարի երկրորդ կեսին առևտրի հետ զարգանում էր նաև արդյունաբերությունը։ Կային մեծահարուստ արևտրաարդյունաբերողներ։ Դրանցից էին Լիանոզովները, որոնք իրենց ձեռքում էին պահում Կասպից ծովի հարավային մասի ձկնարդյունաբերությունը։

Պարսկահայերն ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին։

Պարսկական արքունիքում շատ հայեր դիվանագիտական պատասխանատու պաշտոններ էին վարում։ 19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում պարսկական դեսպանները հայեր էին։

Անգլիայի դեսպան Մելքոն խանը Լոնդոնում հրատարակել է «Ղանուն» («Օրենք») պարբերականը, որը դեմոկրատական, սահմանադրական գաղափարներ քարոզող առաջին ամսագիրն էր պարսկական իրականության մեջ։ 1905–1911 թթ. բուրժուական հակաֆեոդալական հեղափոխությանը հայերը ակտիվ մասնակցություն ունեցան։ Նրանցից Եփրեմ խանը դարձավ սահմանադրական շարժման առաջնորդներից մեկը։ Հայերը երկրի բարձրագույն օրգանում՝ մեջլիսում, երկու պատգամավոր ունեին։ Նրանք ստեղծեցին «Ազգային խորհուրդ», որը միջնորդի դեր է կատարել Պարսկաստանի բարձրադիր իշխանությունների և հայ համայնքների միջև։

Պարսկահայերը նկատելի հաջողությունների հասան լուսավորության և առհասարակ մշակույթի ասպարեզում։

1838թ. հայկական դպրոց է բացվում Նոր Ջուղայում։ Հետագա տասնամյակներում դպրոցներ են հիմնվում Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Սալմաստի գավառի 11 հայկական դպրոցներում 1904–1905 թթ. սովորում էր 800 աշակերտ։ Պարսկաստանի հայկական դպրոցներն իրենց վրա կրում էին Կովկասի հայկական մշակութային կենտրոնների ազդեցությունը։ 1880-ական թվականներին հայկական տպարաններ են հիմնվում մի շարք քաղաքներում։ Ստեղծվում են թատերասիրաց, բարեգործական և այլ հասարակական ընկերություններ։

Իրանի հայկական կենտրոններում հրատարակվեցին շուրջ երկու տասնյակի հասնող պարբերականներ։

Հնդկաստանի հայկական գաղութները

Հայերը Հնդկաստանում բնակություն են հաստատել դեռևս 16–17-րդ դարերում։

17–18-րդ դարերում, գլխավորապես Պարսկաստանից կատարվող գաղթի հետևանքով, մի շարք համայնքներ են ձևավորվում ծովափնյա շրջաններում։ Դրանցից էին Սուրհաթը, Ագրան, Մադրասը, Կալկաթան, Բոմբեյը։

Տակավին եվրոպացիների Հնդկաստան թափանցելուց առաջ հայերը լայնորեն զբաղվում էին առևտրով։

Նրանք շուտով ձեռք բերեցին ծովային նավեր, որոնք երթևեկում էին հայկական դրոշներով։ Եվրոպացիները խոչընդոտում էին հայկական նավերի գործունեությանը։

«Արևելահնդկական» անգլիական առևտրական ընկերությունը հայ վաճառականներին առևտրատնտեսական կյանքից դուրս մղելու քաղաքականություն էր վարում։ Շուտով Եվրոպայի առևտրականների հետ հակասությունները վերածվում են թշնամանքի։ Հայերը սկսում են մասնակցել տեղի բնակչության՝ եվրոպացիների դեմ մղվող պայքարին։

19-րդ դարի սկզբներին հնդկական մի շարք համայնքներ թուլացել էին։ Դարի կեսերին դեռևս կենսունակ էր Կալկաթայի հայկական համայնքը, որը դարձել էր հնդկահայության կենտրոնը։ Այդ շրջանում հնդկահայերի թիվը հասնում էր 20–25 հազարի։ Բնակչության մեջ մեծ թիվ էին կազմում առևտրականները և արհեստավորները։ Հնդկահայերը կապեր էին պահպանում հայրենիքի՝ Հայաստանի հետ։

Հնդկահայ շրջաններում մեծ զարգացում է ապրել հայկական մշակույթը։ ճարտարապետության մեջ նշանավոր էին մի շարք կառույցներ՝ եռահարկ կամուրջը, քարե սանդուղքները, Կալկաթայի «Հայկական» նավահանգիստը, եկեղեցիները և այլ շինություններ։ Այդուհանդերձ, հնդկահայերի ամենաարժեքավոր ներդրումը հայկական առաջին պարբերականի հիմնումն է։ Մադրասում, Կալկաթայում, Բոմբեյում հիմնադրվեցին մի շարք տպարաններ։

18-րդ դարի 70–80-ական թվականներին Հնդկաստանի Մադրաս քաղաքում մի խումբ հայրենասերներ լուսավորական գործունեություն են ծավալում։ Շ. Շահամիրյանի գլխավորած այդ խմբակը գրքեր է հրատարակում և քարոզում Հայաստանի անկախությունը վերականգնելու գաղափարը։

Լուսավորություն տարածելու կարևոր ձեռնարկում էր 1821թ. Կալկաթայում հայկական մարդասիրական ճեմարանի բացումը։ Դպրոցն ուներ նաև գիշերօթիկ բաժին, ուր սովորում էին նաև ուրիշ երկրների հայ համայնքների երեխաներ։ ճեմարանում դասավանդում էին այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսին էր գրող Մեսրոպ Թաղիադյանը և ուրիշներ։

19-րդ դարի կեսերից հնդկահայ համայնքները թուլանում և կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը։

Եգիպտոսի հայկական գաղութները

Հայերը Եգիպտոսում հաստատվել են միջին դարերում։ Միջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքներն աշխուժություն ապրեցին 18-րդ դարում։ Սակայն Եգիպտոսը, որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության ներքո, 19-րդ դար թևակոխեց թուլացած ու քայքայված։ Նույն վիճակում էին նաև հայկական գաղութները։ Շուտով ամբողջ երկրի հետ վերելքի ուղի են բռնում նաև հայ համայնքները։ Պետությունը հովանավորում էր այլազգիների տնտեսական գործունեությունը։ Սկսվում է հայերի գաղթը դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Կահիրե և Ալեքսանդրիա։

Այդուհանդերձ, Եգիպտոսի հայազգի բնակչության քանակը փոքր էր։ 19-րդ դարի առաջին կեսին այն հասնում էր 3 հազարի, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 15 հազարի։

Արհեստներից զատ հայերը կարևոր դեր էին կատարում արդյունաբերության մեջ։ 19-րդ դ. վերջերից Եգիպտոսում, գերազանցապես հայ և հույն մասնագետների նախաձեռնությամբ, զարգացավ ծխախոտագործությունը։ Եգիպտոսի ծխախոտի արտադրության կեսից ավելին բաժին էր ընկնում հայ ձեռնարկատերերին։

Եգիպտահայերը աչքի ընկան նաև երկրի քաղաքական կյանքում։ Մի շարք պետական բարձր պաշտոններ վարած Նուբար փաշայի անվան հետ են կապվում երկրի դատական բարեփոխումները։ Նրա որդի Պողոս Նուբարը գլխավորեց հայ ազգային պատվիրակությունը Փարիզում և եղավ «Հայ բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) հիմնադիրը (1906թ.)։

Կահիրեում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1828թ., իսկ Ալեքսանդրիայում` 1851 թվին։ 1917թ. հայկական դպրոցների թիվը հասավ 11-ի, որոնցում ուսանում էր շուրջ 1600 աշակերտ։ 19-րդ դարի կեսերից սկսած այնտեղ հրատարակվում էին պարբերականներ, հիմնվում տպարաններ։

Հայոց պատմություն

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից է, XX դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից, ՀՀԴ կուսակցության անդամ:

Արամ Մանուկյանը (հեղափոխական անունն է 1904 թ-ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը: 1901–03 թթ-ին կուսակցության հանձնարարությամբ աշխատել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903 թ-ին Կարսից զենք, զինամթերք և կամավորական խմբեր է փոխադրել Արևմտյան Հայաստան: 1904–08 թթ-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում: 1910 թ-ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայության ամենաճանաչված գործիչներից: Եղել է 1915 թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916–17 թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: Մեծապես նպաստել է 1917 թ-ի մայիսի 2–11-ը Երևանում Արևմտահայերի 1-ին համագումարի կազմակերպմանը: 1917 թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ): Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար:

Կառավարության դերը կատարել է Մանուկյանի ջանքերով ստեղծված կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն ինքն էր:

Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան: Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է: Նա նոր կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը: Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար: Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվել է հայոց պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված մահմեդականներից:

Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից:

Արամ Մանուկյանի մասին գրվել են գրքեր, հյուսվել երգեր, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում, կիսանդրին կանգնեցվել է մայրաքաղաքում (2009 թ.):

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու»:

Արամ Մանուկյան

Աղբյուրը՝https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1344

Հայոց պատմություն

Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա մարտերը

1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Աղբյուր՝ https://historymuseum.am/map_content_type/%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D6%80-1918-%D5%A9-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1/

Հայոց պատմություն

Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին այդ առաջարկները։ Պատերազմը սկսվելուն պես Արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուսական բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։ Ռուսական իշխանությունները հավանություն տվեցին և ըստ ամենայնի օժանդակեցին հայկական կամավորական զորամասերի ստեղծմանը ռուսական բանակի կազմում։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։ Պատերազմը սկսվեց թուրքական զորքերի հարձակմամբ, որոնց ճնշման տակ ռուսական Կովկասյան բանակը նահանջեց՝ հակառակորդին թողնելով Ալաշկերտի դաշտը։ 1914 թվականի դեկտեմբերին թուրքական 3-րդ բանակը էնվեր փաշայի հրամանատարությամբ ձեռնարկեց Սարիղամիշի օպերացիան՝ Կարսի հետագա գրավման նպատակով։ Սակայն թուրքական զորքերի հարձակումը կասեցվեց։ Ռուսական բանակը, հակահարձակման անցնելով, ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին։ Թուրքերը կորցրին մոտ 70 հազար մարդ և ստիպված նահանջեցին ելման դիրքերը։ 1915 թվականի ապրիլին ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան Դիլմանի ճակատամարտում (հատկապես որոշիչ դեր խաղաց Անդրանիկի հայ կամավորների ջոկատը), որի շնորհիվ կանխվեց թուրքական հարձակումը դեպի Թավրիզ ռուսական բանակի թիկունքը։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների առաջին իսկ շրջանում թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը Արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկական քարոզչություն։ Այդպիսով Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մարտունակ մասից։ Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը, սկսած 1915 թվականի ապրիլից, ճակատամերձ գոտուց «վստահություն» չներշնչող հայ բնակչության տեղահանության պատրվակով, ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը, այդ կանխամտածված ցեղասպանությանը զոհ գնաց 1, 5 միլիոն  Մարդ։ Մի շարք վայրերում Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության և դիմադրեց թուրք ջարդարարներին (Վանի հերոսամարտ 1915 թվական, Մուշի գոյամարտ 1915 թվական, Սասունի ինքնապաշտպանություն 1915 թվական, Ուրֆայի հերոսամարտ 1915 թվական, Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915 թվական, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 թվական)։

1915 թվականի գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը (որտեղ ռուսական զորքերը մնացին 80 օր)։ Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, որոնք այնուհետև նահանջող ռուսական զորքերի հետ գաղթեցին Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915 թվականի հուլիս-օգոստոսին Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուսական զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրքական հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլիական զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915 թվականի դեկտեմբերից 1916 թվականի փետրվարը ռուսական բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուսական զորքերը փետրվարի 3 (16)-ին գրավեցին էրզրումը։ Թուրքական զորքերի հետապնդումը շարունակվեց մինչև փետրվարի կեսը. ռազմաճակատի գիծը կայունացավ էրզրումից արևմտյան 70-100կմ երկարությամբ։ Միաժամանակ ռուսական բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու Տրապիզոն նավահանգիստները։

Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։

Պատմություն

Ալբանիա

Ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն, պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։

Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում՝ Չեռնոգորիային, արևելքում՝ Մակեդոնիային, հարավ-արևելքում՝ Հունաստանին։

Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։

Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ)։ Երկրի ընդերքը հարուստ է քրոմիտի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին)։ Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ։

Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։

Երկրի ղեկավարը նախագահն է։

Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ)։ 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը՝ կուսակցական ցուցակներով՝ չորս տոկոսանոց շեմով։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է։

Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.՝ անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում։

Բնակչության թիվը 3 620 000 մարդ (2012 թ․), հայերի թիվը՝ մոտ 400։ Բնակչության միջին խտությունը՝ 126 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 76,4 տարի։ Ազգային կազմը՝ ալբանացիներ (95%), հույներ (3%), վալախներ, հայեր (0,01%), գնչուներ։ Ուրբանիզացմսն մակարդակը՝ 53,7%: Պետական լեզուն՝ ալբաներեն։

Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։

Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։ Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։

Հայոց պատմություն

Սասունի ինքնապաշտպանությունը

Օսմանյան իշխանությունները, տակավին 1894թ. չկարողանալով ընկճել սասունցիների դիմադրությունը, վճռում են նոր արշավանք կազմակերպել: Դրանով նրանք ձգտում էին վերացնել արևմտահայության ազատագրական կարևոր կենտրոններից մեկը:

Այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները 1902-1904թթ. ընթացքում սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Զորքերի թիվը հասցվում է 10 հազարի: Նրանց են միանում շրջակա քրդական մի քանի ցեղեր: Կառավարության նախապատրաստություններն աննկատ չեն մնում սասունցիներից: Նրանք ևս դիմում են նախազգուշական միջոցների: Հայ ազգային կուսակցությունները, անհանգստացած Արևմտյան Հայաստանից եկող տագնապալի լուրերից, որոշում են օգնություն ուղարկել Սասուն: 1902-1904թթ. Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները կազմակերպում են հայդուկային և զինատար խմբերի անցումը Արևմտյան Հայաստան: 904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Ապրիլի 6-ին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Թուրքերը, սակայն, լրացուցիչ ուժեր են կենտրոնացնում և հրետանու կրակի ներքո անցնում են հարձակման: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Զոհվեց հայ ազատագրական պայքարի ամենապայծառ ռահվիրաներից մեկը: Հրայրին թաղում են Աղբյուր Սերոբի կողքին, Գելիեգուզան գյուղում:

Սասունցիներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Նրանք հարկադրում են թուրքերին նահանջել մինչև Շենիկ:

Ապրիլի 15-ին օսմանյան հրամանատարությունը նախաձեռնում է նոր հարձակում: Հայերը ստիպված էին դիմագրավել 20 անգամ գերազանցող ուժերին: Հակառակորդին հաջողվում է ծանր մարտերով մոտենալ Գելիեգուզանին: Սասունցիների ինքնապաշտպանության վերջին օջախը պաշտպանում էին Անդրանիկի գլխավորած մարտիկները: Ի վերջո զգացվում է զինամթերքի պակասը, և ինքնապաշտպանները ստիպված են լինում տեղի տալ: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղում՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղերը:

Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը: Հայերը շարունակում են մի շարք հաղթանակներ տանել: Ուժերը, սակայն, անհավասար էին: Թուրքական բանակին և քրդական ջոկատներին հաջողվում է ճնշել հայերի ինքնապաշտպանությունը: 1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:

Հայոց պատմություն

Բարենորոգումների մայիսյան ծրագիրը

Սասունի կոտորածները բողոք և զայրույթ առաջացրին բազմաթիվ երկրներում: Միջազգային առաջադեմ հասարակայնությունը բողոքի ձայն բարձրացրեց Աբդուլ Համիդի կողմից Սասունում կատարված ոճրագործությունների դեմ: Հասարակական պահանջի ազդեցության տակ անգլիական, ֆրանսիական և ռուսական կառավարությունները սկսեցին անդրադառնալ Սասունի ջարդերին: 1894թ. նոյեմբերին կազմվեց հատուկ հանձնաժողով՝ Սասունի կոտորածներն ուսումնասիրելու համար: Մի քանի ամիս աշխատելուց հետո հանձնաժողովը եզրակացրեց, որ Սասունի հայությունը կոտորվել է առանց տարիքի և սեռի խտրության, կոտորվել է թուրքական իշխանությունների կողմից առանց պատճառի: Վերստին առաջ քաշվեց Հայկական հարցը: 1895թ. մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Թուրքիային ներկայացրին բարենորոգումների ծրագիր, որը կոչվեց մայիսյան: Ըստ դրա՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի և Սեբաստիայի վիլայեթներում (նահանգներում) իրականացվելու էին բարենորոգումներ: Նահանգապետերը նշանակվելու էին 5 տարի ժամկետով, առանց կրոնական խտրության: Եթե նահանգապետը քրիստոնյա էր, ապա տեղակալը պետք է լիներ մահմեդական և հակառակը: Նահանգապետերն ու գավառապետերը նշանակվելու էին սուլթանի կողմից: Խաղաղ ժամանակ «համիդիե» հեծելազորը զրկվում էր զենք և համազգեստ կրելու իրավունքից: Վերացվելու էին բռնի պարհակները, կարգավորվելու էր հարկային դաշտը, լուծում էին ստանալու հողային և դատական հարցերը:

Ստանալով այդ փաստաթուղթը՝ սուլթանը կեղծավորաբար գոհունակություն հայտնեց, սակայն ավելացրեց, որ ինքն անարդար է համարում բարենորոգումների իրականացումը կայսրության միայն մի մասում: Դեսպաններին նա ասաց, որ անհրաժեշտ է բարենորոգումներ իրականացնել նաև մնացած վիլայեթներում: Չնայած նրան, որ սուլթանը 1895թ. հոկտեմբերին հաստատեց բարենորոգումների ծրագիրը, սակայն ոչ մի քայլ չձեռնարկեց դրանց իրագործման ուղղությամբ:

Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությունը գրավելու և նրանց աջակցությամբ մայիսյան բարենորոգումների ծրագիրը կենսագործելու համար հնչակյանները 1895թ. սեպտեմբերին Կ.Պոլսում խաղաղ ցույց կազմակերպեցին: Ցույցի կազմակերպիչները նախօրոք դեսպաններին տեղեկացրել էին, որ ցույցն ունի խաղաղ բնույթ: Շուրջ 4000 խաղաղ ցուցարարներ շարժվեցին դեպի Բաբ Ալի՝ կառավարության նստավայրը: Սակայն կես ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են ցուցարարներին և թույլ չեն տալիս պահանջագիրը հանձնել կառավարությանը: Ապա ցուցարարների վրա են հարձակվում զինվորները՝ գնդակոծելով նրանց: Նույն օրը ջարդերը տարածվում են ողջ Կ.Պոլսով, որին զոհ է գնում շուրջ 2000 հայ:

Հայոց պատմություն

Ռուսթուրքական պատերազմ 1877-1878

Հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

Հայկական հարցի միջազգայնացում

Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև Հայկական հարցի միջազգայնացումը: Օսմանյան կայսրության արևելյան մասի (Արևմտյան Հայաստան) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ: Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ: 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին:

Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին: Հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին: Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը վերափոխվեց և ռուսական զորքերի թուրքական տարածքներում ներկայության մասին դրույթները հանվեցին: Բեռլինի պայմանագրով հոդվածը դարձավ 61-րդը:

Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան: 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն: Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի: Դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում:

Պատմություն

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում եւ բոլորը սպասում են Ձմեռ Պապուն, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Որտեղ, ինչպես, ինչ եւ ինչքան Ձմեռ Պապիկներ, նվերներ, անակնկալներ կփորձենք պատմել այս էջում: Բուլղարիայում ավանդույթի համաձայն Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբից տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը ամանորյա համբույրների համար: Դրանից հետո միայն տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի սեր: Այդպիսի «թխվածքային անակնկալներ» ընդունված են նաեւ Ռումինիայում եւ Ավստրալիայում: Նմանատիպ ավանդույթ կա պորտուգալացիների մոտ նույնպես. Սուրբ Ծննդի նախօրեին նրանք նվիրում են «արքայական կարկանդակ»: Բացի չրերից եւ ընդեղենից դրա մեջ կա մեկ փոքրիկ մեդալ կամ արձանիկ: Գտնողի համար դրանք նշանակում են մաղթանք. «Խաղաղություն քո տանը»:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն եւս անակնկալով է: Շիլայի առանձնահատկոթյունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլեւս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա եւս վատ չէ:

Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով: Իսկ Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթը այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապու կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից եւ չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար:

Ճապոնիայում կա ավանդույթ. Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով ում տարն գալիս է: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար «կադոմացու»-ն պատրաստում են սոճիից, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից: Ճապոնացիներն իրենց տունը զարդարում են նաեւ ձարխոտի եւ մանդարինի տերեւներով: Ի դեպ, Նոր տարվա առաջին վայրկյաններից ճապոնացիները սկսում են ծիծաղել, քանի որ համոզված են, որ ծիծաղը նոր տարում իրենց հաջողություն կբերի:

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի Ծառեր: Դա մեր տոնածառի նախատիպն է: Լույսի Ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

Արեւելա-ասիական մի շարք երկրներում՝ Վիետնամում, Կամպուչիայում, Կորեայում, Մոնղոլիայում եւ այլն: Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը: Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արեւելքում տարածված են նաեւ ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ եւ այլն, այլեւ երազանքներ, հույսեր եւ երջանկություն: Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է: Կարելի է ձեռք բերել նաեւ «համայումի»՝ բութ ծայրով եւ սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին: Կարելի է ձեռք բերել նաեւ «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր: Այդ իրը խորհրդանշում է բարիք եւ հաջողություն:

Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:

Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում երջանկություն նոր տարում կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովել սննդամթերք, խմիչք եւ տաքություն:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում են:

Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու եւ խաղող ուտելու համար: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա: Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը: Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ:

Պատմություն

1. Սահմանիր Ավանդական հասարակություն հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն: Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:

1. Ավանդույթ – Պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ, ավանդություն:

2. Մշակույթ – Որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:

3. Հարկ – Պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից ևն գանձվող պարտադիր վճար, տուրք:

4. Սահմանադրություն – Պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

5. Օրենք – Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը:

2. Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ:

Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա ավանդաբար գալիս էր հնուց և պայմանավորված էր արհեսատական ոռոգման համակարգի առկայությամբ: Արևելքի ավանդական հասարակություններում մարդիկ դարեր շարունակ ապրում էին՝ չխախտելով իրենց նախնիների օրենքները:  Ի տարբրերություն Արևմտյան Եվրոպայի՝ Արևելքի երկրներում երկար պահպանվեց նաև քաղաքների կախվածությունը խոշոր ավատատերերից։ Արևելքում դեռևս ամուր էր նաև հասարակության դասային կառուցվածքը։