Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը
Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:
Պտերներ, դրանց կառուցվածքը,
Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:
Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատներն ու սողունները: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի:
Պտերներ
Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:
Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:
Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:
Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ: