Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը
Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Այս բույսերը կոչվում են մերկասերմներ, որովհետև նրանց սերմը պատված չէ պտղամսով: Մերկասերմները մարդու կյանքում և բնության մեջ մեծ դեր են խաղում, որովհետև նրանք մաքրում են օդը, նրանցից կարելի է տարբեր դեղեր ստանալ:
Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են: Նրանք ունեն լավ զարգացած արմատ, ցողուն և տերևներ:
Մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600: Այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:
Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:
Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:
Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:
Սոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:
Եղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել նաև այլ ծառերի ստվերում: