Վարդանանց պատերազմ
Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին և ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:
Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:
Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ՝ նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ,) քաղաքի մոտ: Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:
451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո՝ զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա: Նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:
Աղբյուրը՝ http://akunq.net/am/?p=28180