Կենսաբանություն

Սպորավոր բույսերը ցամաքային բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով: Այդպիսիների շարքում են մամուռները, պտերանմանները, ձիաձետերը, գետնամուշկերը: Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները:

Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա: Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են հատուկ արմատանման գոյացումները ՝ ռիզոիդները: Մամուռները բազմանում են և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով միաժամանակ: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե  25  հազար տեսակ: Մամուռներից են կկվավուշըտորֆամամուռըմարշանցիանթելամամուռը: Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ  20−30  սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով: Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ: Կկվավուշը պահանջկոտ բույս չէ, այն դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, հիմնականում տարածված է խոնավ անտառներում և ճահճուտներում:

Оставьте комментарий