Հայոց պատմություն

Արշակունիներ

Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարակազմիկ իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը…

52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը (52-428): Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ:

Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը:

117 թ. հայոց գահին հաստատվեց Վաղարշ Առաջինը, որը հայոց մայրաքաղաք հաստատեց Վաղարշապատը:

186 թ. Մեծ Հայքի թագավոր է դառնում Վաղարշ Երկրորդը, որի թագակալումով կտրուկ փոխվեց իրավիճակը Մեծ Հայքում: Նրանից սկսած՝ հայ Արշակունիների գահակալումը դարձավ ժառանգական: Դա Մեծ Հայքի լիարժեք անկախության փաստումն էր:

224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները: Արշակունյաց արքայատոհմում առաջնությունն անցավ հայոց Խոսրով Բ արքային, սրվեցին հայ-պարսկական հարաբերությունները: Խոսրով Բ հայոց բանակով ավերակներ սփռեց Իրանում՝ ձգտելով տապալել Սասանյաններին:

Տրդատ Գ գահ բարձրացավ (298-331)թթ: 301 թ. Տրդատի հրամանով Մեծ Հայքում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն:

Տրդատ Գ փոխարինած Խոսրով Գ Կոտակն (331-339) իր կարճատև թագավորության ընթացքում հասցրեց կառուցել Դվին մայրաքաղաքը և տնկել Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի:

Խոսրովին հաջորդած Տիրան արքան (339-350) պայքար ծավալեց հայ եկեղեցու դեմ: Նա անգամ քարկոծելով սպանել տվեց Հուսիկ կաթողիկոսին: Տիրան արքան դարձավ պարսից Շապուհ Բ արքայի կազմակերպած դավադրության զոհը: Վերջինս խաբեությամբ ձերբակալեց հայոց արքային և կուրացրեց: Գահն անցնում է Արշակ Երկրորդին (350-368): Այս զորեղ տիրակալը ստիպված էր միաժամանակ պայքար մղել թե՛ Պարսկաստանի, թե՛ Հռոմի, թե՛ հայ առաքելական եկեղեցու դեմ:

Դաշինք կնքելու պատրվակով Շապուհ Բ արքան նրան հրավիրեց իր մոտ և նետեց Անհուշ բերդը, ուր հայոց արքան ինքնասպան եղավ: Արշակ Բ հիմնեց ու շենացրեց Արշակավան մայրաքաղաքը:

Հայոց գահն անցնում է 18-ամյա Պապին (370-374): Չնայած պատանի տարիքին՝ այս քաջարի գահակալը Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գլխովին ջախջախեց պարսկական հզոր բանակները:

Սակայն Պապ թագավորը զոհ գնաց Հռոմի և հայ եկեղեցու կազմակերպած դավին և սպանվեց: Պապին հաջորդած Վարազդատ արքան (374-378) նույնպես դարձավ դավադրության զոհ. Մանվել Մամիկոնյան իշխանը, ապստամբելով արքայի դեմ, նրան վտարեց երկրից՝ հայոց գահին բազմեցնելով Արշակ Գ և Վաղարշակ թագավորներին՝ դառնալով նրանց խնամակալը: Նրանց օրոք էլ՝ 387 թ., Մեծ Հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև: Արշակի մահից հետո հռոմեական մասում հայոց թագավորությունը վերացավ:

Ապա հայոց գահին միմյանց հաջորդեցին Խոսրով Դ, որի օրոք երկրում ժամանակավոր կայունություն եղավ, Վռամշապուհ արքան, որ գործածության մեջ դրեց մաշտոցյան հայոց գրերը: Արշակունյաց վերջին գահակալը Արտաշես Դ արքան էր, որ դարձավ հայ եկեղեցականների և նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց:

Оставьте комментарий