Դվին
Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում:
330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է: Ըստ Մովսես Խորենացու արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։
Այժմ քաղաքի ավերակները տարածվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին, Ներքին Դվին, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ և այլ գյուղերի սահմաններում: