Գրավոր ներկայացրու Պապ թագավորի պատմական կերպարը
Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Երկրորդին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը, գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները:
Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին: Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին: Այս հաղթանակով Պապն ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված գավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Երկրորդի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից:
Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու բարեփոխմանը. փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը:
Պապն ստեղծել է մարտունակ բանակ:
Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: