Գրավոր ներկայացրու Արշակ Երկրորդի պատմական կերպարը:
Արշակ Երկրորդ
Արշակ Երկրորդը (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:
Սակայն շուտով Արշակ Երկրորդը կարողացավ իր դիրքերն ամրապնդել: Արշակ Երկրորդը ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ, սակայն դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Երկրորդը կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Ներսես Մեծին:
Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ և ծնվում է թագաժառանգ Պապը:
Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Երբ Արշակ Երկրորդը գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Երկրորդը, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտեց դավաճան նախարարների հետ: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ հաշտություն կնքվեց:
Արշակ Երկրորդի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Երկրորդին:
Գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Երկրորդին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:
Արշակ Երկրորդը մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:
Գրավոր պատմիր Աշտիշատի եկեղեցական ժողովի մասին
353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, բազմակնությունը և հեթանոսական այլ սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: