Վահանանց պատերազմ
Վահանանց պատերազմը 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր: Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր որդին էր: Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել: Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում: Նրան հաջորդում է Հովհաննես Ա. Մանդակունին:
Արևելյան Վրաստանում Վախթանգ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր: Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել:
Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն: 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները:
Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարության հաստատման ու պահպանման գործում: