Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում
Հարստության անունը
Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) բյուզանդական վարչական թեմի անունից։
Հարստության ծագումը
Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։
Հարստության սկզբնավորումը
Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնjա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։
Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։
Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։
Հարստության վերջին ներկայացուցիչները
Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 — 1025)։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր :
Քաղաքականությունը
Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն: Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։
https://hy.wikipedia.org/wiki/Բյուզանդական_կայսրություն
https://hy.wikipedia.org/wiki/Հայկական_(Մակեդոնական)_հարստություն