
1.Ներկայացնել տարբեր երկրների զատկական տոնի ավանդույթները
Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:
Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:
Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:
Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:
Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:
Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:
Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:
Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:
Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:
Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին:
2.Զատիկի սեղան, զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակները։
Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։ Ուկրաինայի պես երկրներում նաև սովորություն է օգտվել մոմից և ներկից՝ նախշազարդ ձվեր ստեղծելու համար։
Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Պարսկահայերը սեղանին նաև ունենում են պասկա, որի շուրջն ափսեի մեջ են երբեմն շարվում ներկված ձվերը։ Բողոքական քրիստոնյաների մոտ ընդունված են նաև շոկոլադե ձվիկները։
Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Պարսկահայերը սեղանին ունենում են ծխացրած ձուկ, քուքու, փլավ, և երբեմն նաև սալորի խոռիշտ (շոգեխաշած սոուսի տեսակ), որի մեջ կարմիր միս չեն օգտագործում։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։
Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (ինչպես և մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկիթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։

3.Ձու ներկելու ի՞նչ միջոցներ գիտես.
Սուրբ Զատիկի տոնին սեղանի գլխավոր զարդը ձուն է: Այն խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանք, Հիսուս Քրիստոսի հարությունը:
Այն եփելու և ներկելու մի շարք միջոցներ կան:
Որպեսզի ձուն մնա պինդ և վառ գույն ունենա՝
Նախքան եփելը պետք է մանրակրկիտ լվանալ աղով (կամ քացախով) լի ջրում: Այդ դեպքում ձվի կեղևը կլինի պինդ և կպահպանի գույնը:
Որպեսզի ձուն եփելու ժամանակ չճաքի՝
Անհրաժեշտ է առնվազն 1 ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա եփել մարմանդ կրակի վրա:
Հարթ և կայուն գույնը պահելու համար՝
Անհրաժեշտ է 1 թեյի գդալ աղ և քացախ ավելացնել ջրի մեջ, սակայն քացախը պետք չէ չարաշահել: Եփելուց հետո անհրաժեշտ է դեռևս տաք ձվերը դնել սառը ջրի մեջ, ապա թողնել ինքնուրույն սառչի և փայլի համար կարագ քսել:
Ներկելու համար՝
Նախընտրելի է բնական նյութեր ընտրել՝ սոխի կճեպ, ծառի ճյուղեր, տերևներ և այլն:
Սոխի կեղևը թերևս ամենատարածված բնական միջոցն է, որի շնորհիվ ձուն կարմրադարչնագույն կամ բաց դեղին գույն է ստանում:
Սոխի կճեպը պետք է լցնել կաթսայի մեջ, լցնել սառը ջուր և եփել 30-40 րոպե: Ապա ձվերը դնել տաք ջրի մեջ և եփել ևս 10-15 րոպե:

Դեղին գույն ստանալու համար՝
Ձվերը եփում են երիցուկի արգանակի մեջ: 8 ճաշի գդալ երիցուկի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք կես ժամ, թրմեք, ապա ավելացրեք նոր եփած ձվերը:
Կանաչ գույն, փիրուզագույն երանգ կհաղորդեն սպանախի, կեչու և անանուխի տերևները:
Կապույտ գույն կհաղորդի կիտրոնի հյութը:
Մանուշակագույն երանգ ստանալու համար անհրաժեշտ է արոնիայի հյութ: Վարդագույն երանգ ստանալու համար՝ լոռամիրգ, ազնվամորի:
