Աշոտ Երկաթ
Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:
Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում: Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:
Աշոտ Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում` Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները: Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը:
915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ: Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց: Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:
Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը: Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը: Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը:
Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը: 921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցին և իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:
Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը:
Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:
Աղբյուրը՝ http://archive3.ankakh.com/article/1158/ashvot—b—yerkath—yerkathya-kamqvov-hayryeniqi-nviryale—