Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։
Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.
-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։
Ձուն զատկական տոնում գրավում է ամենակարևոր տեղը, քանի որ անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Ձուն հայոց ավանդական կենցաղում համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ: Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և նորին անցնելու գաղափարն ուներ:
Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս կրակի մեջ օգտագործում էին Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ օրը` մայրամուտին, երդիկից իջեցնում էին Մեծ պասի յոթ շաբաթները խորհրդանշող և պասը խախտողներին պատժող ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ փետուրը հանելով` տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը և փայտի հարվածներով դեսուդեն քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած ծիլը կտրում էին և գցում Զատկին եփվող կերակրի մեջ: Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի պատարագից հետո` դեռ արևը մայր չմտած, մարդիկ հասցնեին պասը բացել: Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու Քրիստոսի հարությունը և պասի վերջը: Ճանապարհին բոլոր հանդիպողները ողջագուրվում էին և միմյանց հայտնում ուրախ լուրը. «Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց», որի պատասխանը լինում էր. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Թաթախման ընթրիքի հիմնական կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ: Հավաքված գումարով նախապես գնված եզները կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես, բոլորը շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու ընթացքում կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած թուրքատարուկը: