Պատմություն

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Է Ֆիլոպատորը ծնվել է մթա 69 թվականին: Նա Պտղոմեոս ԺԲ Ավլետես թագավորի ավագ դուստրն էր: Բացի Կլեոպատրան՝ Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, ինչը նշանակում է Հայրասեր:

Եգիպտոսում տարածված էր ՙսրբազան ամուսնության՚ սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական դինաստիային այլ արյուն չխառնվի և գահի թեկնածուներ ուրիշ տոհմերից չհայտնվեն:

Կլեոպատրան հռոմեացի պատմիչների հավաստմամբ՝ ժամանակի ամենաուսյալ անձանցից էր. Բացի լատիներենից և հունարենից նա տիրապետում էր նաև ասորերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, լեզուներին: Նա նաև հմուտ էր մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում:

Կլեոպատրայի առաջին ամուսինը ավագ եղբայրն էր՝ իննամյա Պտղոմեոս ԺԳ: Նրա մահից հետո թագուհին ամուսնացավ մյուս եղբոր՝ Պտղոմեոս ԺԴ թագավորի հետ և լույս աշխարհ բերեց իր առաջնեկին:

Մթա 51 թվականին մահանում է Պտղոմեոս ԺԲ և գահն անցնում է Պտղոմեոս ԺԳ–ին և Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, ով երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխվեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից, ով Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին:

Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ գահակալության խնդիրը լուծել իր օգտին՝ որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին: Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա Է թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս ԺԴ-ին:

Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մթա 47 թվականին նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են:

Կլեոպատրան հույս ուներ, թե Կեսարիոնը կդառնա Հուլիոս Կեսարի ժառանգորդը հռոմեական գահին: Սակայն, չնայած, որ Կեսարը չէր թաքցնում Կեսարիոնի նկատմամբ իր գորովանքն ու հայրությունը, նա որդեգրեց իր քրոջ թոռանը՝ Օկտավիանոսին, և նրան նշանակեց իր ժառանգորդ: Մթա 44 թվականին Հռոմում սպանվեց Հուլիոս Կեսարը: Կլեոպատրան վտանգ զգալով՝ վերադարձավ Եգիպտոս:

Մի քանի տարի անց, Մարկոս Անտոնիոսը դառնալով Հռոմի եռապետ և կառավարման ոլորտ ընտրելով Արևելքը՝ ժամանեց Ալեքսանդրիա: Անտոնիոսը մեծամիտ, գոռոզ տիրակալ էր, ով ձգտում էր հասնել Ալեքսանդր Մակեդոնացու փառքին և նվաճել ողջ Արևելքը: Նրա փառասիրությանը իր հմայքով ու ոգեշնչմամբ հագուրդ տվեց Կլեոպատրան, ով իր դիրքերն ամրապնդելու համար առանց վարանանքի Անտոնիոսի սիրուհին դարձավ, իսկ մթա 37 թվականին, նրանք նաև ամուսնացան:  Անտոնիոսին թագուհին դիմավորեց հատուկ այդ նպատակով կառուցած կարմիր մահուդե առագաստներով մի նավով, որ ամբողջովին ծածկված էր վարդի թերթիկներով…

Մթա 36 թվականին Անտոնիոսը մեծ արշավանք սկսեց Պարթևստանի դեմ: Հայոց Արտավազդ Բ արքան չկամեցավ մասնակցել այդ արկածախնդրությանն ու չմիացավ Անտոնիոսին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց պարթևներից և զորքի մնացորդներով ճողոպրեց Հայաստան: Հայոց արքան ընդունեց հռոմեացիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից: Հեռանալով Եգիպտոս՝ Անտոնիոսն ու Կլեոպատրան միտք հղացան և իրենց խայտառակությունը կոծկելու համար դավաճանության մեջ մեղադրեցին հայոց արքային:

Նրանք ծուղակ պատրաստեցին Արտավազդի դեմ: Նախ խնամախոսություն ուղարկեցին Արտաշատ՝ առաջարկելով, որ Արտավազդի 11-ամյա դուստրը ամուսնանա Անտոնիոսի և Կլեոպատրայի 6-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ: Հայոց արքան մերժեց:

Անտոնիոսը մեծ բանակով մոտեցավ Հայաստանի սահմաններին: Արտավազդ Բ նրա ճամբար գնաց՝ բանակցելու: Այդժամ ուխտադուրժ ու նենգ հռոմեացին կալանեց հայոց արքային և իր հետ Ալեքսանդրիա տարավ:

Անտոնիոսը կյանք խոստացավ Արտավազդ արքային, եթե վերջինս համաձայնվեր գլուխ խոնարհեր Կլեոպատրայի առջև: Հայոց հպարտ ինքնակալը հրաժարվեց խոնարհվել եգիպտական հարճի առջև և գլխատվեց Կլեոպատրայի հրամանով:

Անտոնիոսի արևելյան քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց Հռոմում: Նա նաև փորձեց Հռոմում միանձնյա կայսերական իշխանության հասնել: Բախումը Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև անխուսափելի դարձավ: Հանգուցալուծումը եղավ Հունաստանի մոտ՝ Ակտիումի ճակատամարտում:

Այս ճակատամարտում՝ մթա 31 թվականի սեպտեմբերի 2-ին, Անտոնիոսի և Կլեոպատրայի զորքը թվային առավելություն ուներ Օկտավիանոսի նկատմամբ: Սակայն  ճակատամարտում Անտոնիոսի զորքը խորտակիչ հարված ստացավ: Ճակատամարտի ավարտից հետո Անտոնիոսն ու Կլեոպատրան փախան  Ալեքսանդրիա: Ստանալով Օկտավիանոսի բանակի մոտենալու լուրը՝ Անտոնիոսն ինքնասպան եղավ՝ նետվելով իր սրի վրա:

Կլեոպատրան դարձյալ դիմեց իր կանացի հմայքին՝ փորձելով գերել Օկտավիանոսին: Սակայն վերջինս թագուհու բանբերին հստակ պատասխանեց, որ Կլեոպատրան կզարդարի Հռոմում կայանալիք Օկտավիանոսի հաղթահանդեսը:

Դա մահից վատ էր փառատենչ ու գոռոզ եգիպտուհու համար: Եվ Կլեոպատրան վերջ տվեց իր կյանքին՝ ձեռքը մտցնելով սրվակը, ուր պահվում էր աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը՝ աֆրիկյան Նայան…

Առհասարակ, Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշորագույն կին գործիչն էր:

Оставьте комментарий