Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ:
Ծիծեռնակներ


Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք է։ Հայտնի է 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
Գյուղական ծիծեռնակը փոքրիկ, կապտամոխրագույն մեջքով, վառ նարնջագույն կոկորդով, սպիտակ կուրծքով և մկրատաձև պոչով թռչուն է: Թռիչքում` երկնքի ֆոնի վրա, նա ամբողջովին սև է երևում: Բայց նրան շատ հեշտ է ճանաչել մկրատաձև պոչից և թեթև, սահուն թռիչքից:
Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել էլեկտրական լարերի վրա նստած: Ամռանը նրանց հաճելի ծլվլոցը յուրահատուկ զարթուցիչի դեր է կատարում:
Աֆրիկայից նրանք վերադառնում են Եվրոպական տարածաշրջան, որպեսզի բույն հյուսեն, ձու դնեն ու ձագ հանեն:
Հայաստան ծիծեռնակները վերադառնում են հիմնականում ապրիլի սկզբին, իսկ չվում են սեպտեմբերի կեսերին:
Քաղաքային ծիծեռնակը ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն է: Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է` մետաղափայլով, պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով: Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են: Քաշը` 20-22 գ, թևի երկարությունը` 97-118 մմ:
Քաղաքային ծիծեռնակը ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը` մարտ-ապրիլ ամիսներին, վերադառնում է : Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր: Բնակվում է նաև մարդու հարևանությամբ: Բնադրվում է գաղութներով: Բույնը ծեփում է ցեխից` ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով: Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն: Բույնը նման է կիսագնդի: Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ` ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:
Այս տեսակի թռչունները տարածված են Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: