Գրականություն

«Սասնա ծռեր» դյուցազնավեպը

«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»

Հովհաննես Թումանյան

Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում:

Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

Էպոսում գործում են հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:

Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:

Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում: Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:

Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:

Оставьте комментарий