Ձկների բազմազանությունը և դասակարգումը
Ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝
1 . Կռճիկային ձկների դաս
2 . Ոսկրային ձկների դաս
Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400 մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:
Կռճիկային ձկների դաս
Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:
Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ
Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:
Սպիտակ շնաձուկ
Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:
Կատվաձկների կարգ
Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ: