Սողունների բազմազանությունը և դասակարգումը
Ինչպես արդեն գիտեք, սողունները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 7,5 հազար տեսակ:
Սողուններն առաջացել են հնադարյան պարզագույն երկկենցաղներից:
Ժամանակակից սողունների տեսակներ
I . Կնճիթագլուխների կարգ
Այս կարգն ունի միայն մեկ տեսակ. դա մինչև մեր օրերը հասած հնադարյան հատերիան է: Հատերիան տարածված է միայն Նոր Զելանդիայում:
II . Կրիաների կարգ
Այս կարգում ընդգրկված է մոտ 250 տեսակ: Դա հնադարյան խումբ է, որը սկիզբ է առել անմիջապես հնադարյան սողուններից՝ 240 մլն տարի առաջ: Կրիաների մարմինը պարփակված է եղջերային թիթեղիկներով պատված ոսկրային զրահի մեջ, որն առաջացել է կմախքի ոսկրերից և մաշկի ոսկրային թիթեղիկների սերտաճումից: Շարժուն են միայն գլուխը, վերջույթները և պոչը: Կրիաներն ատամներ չունեն, նրանց ծնոտի եզրերը սուր են, եղջերային և փոխարինում են ատամներին:
Կրիաների կարգն ընդգրկում է ցամաքային, ջրային և կիսաջրային կենսակերպ ունեցող տեսակներ: Ցամաքային տեսակներից է 200 կգ կշիռ ունեցող փղային կրիան, որն ապրում է Գալապագոսյան կղզիներում: Կիսաջրային կենսակերպ վարող կրիաները մեծամասամբ գիշատիչ են: Ծովերում և օվկիանոսներում ապրող կրիաների վերջույթները վերածվել են լողաթաթերի: Դրանցից է ծովային կրիան, որը մինչև 450 կգ կշիռ ունի:
III . Կոկորդիլոսների կարգ
Այս կարգը ընդգրկում է 23 տեսակ: Կոկորդիլոսները հնադարյան սողուններ են, ունեն 1,5−8 մ երկարություն: Նրանց մարմինը պատված է ամուր եղջերային վահանիկներով, պոչը կողքերից սեղմված է: Առջևի վերջույթները կրում են հինգ ազատ մատներ, իսկ ետինները՝ լողաթաղանթով միացած չորսական մատներ:
Կոկորդիլոսների սիրտը քառախորշ է, բաժանված է լրիվ միջնապատով: Կոկորդիլոսների թոքերն ունեն բազմաթիվ միջնապատեր և խողովակներ, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը: Աչքերը և քթանցքերը թմբիկների վրա են, դրա շնորհիվ ջրի մեջ սուզված կոկորդիլոսի միայն աչքերն ու քթանցքերն են ջրից դուրս: Կոկորդիլոսները ցամաք են դուրս գալիս հանգստանալու կամ բազմանալու համար: Նրանք գիշատիչներ են, սնվում են տարբեր կենդանիներով:
Ներկայացուցիչներն են՝ նեղոսյան կոկորդիլոս, միսսիսպյան ալիգատոր, գանգյան գավիալ, սև կայման:
IV . Թեփուկավորների կարգ
Թեփուկավորների կազմում են ընդգրկված օձերի 3000 տեսակ և մողեսների 4300 տեսակ:
Մողեսներ
Մողեսներն ունեն 2 զույգ ոտքեր, սակայն հանդիպում են նաև թերզարգացած վերջույթներով և անոտ տեսակներ: Ամենախոշոր մողեսը 4 մ երկարությամբ և 180 կգ քաշով Կոմոդո կղզում ապրող վարանն է: Գեկկոնների ընտանիքում կան շատ փոքրիկ՝ 3−3,5 սմ երկարությամբ օրգանիզմներ: Ագամաները, իգուաները, սցինկները տարածված են անապատներում, արևադարձային և մերձարևադարձային երկրներում: Գեկկոնները մթնշաղային կենդանիներ են, հանդիպում են նաև Միջին Ասիայում, Ղրիմում, Անդրկովկասում:
Ներկայացուցիչներն են՝ իգուանա, ագամա, կոմոդյան վարան, գեկկոն:
Օձեր
Օձերը անվերջույթ, որդանման, սողացող կենդանի օրգանիզմներ են: Հանդիպում են արևադարձային անտառներում, անապատներում, սողուն ավազների մեջ:
Օձերը սովորաբար որսին դարանակալում են կամ էլ դանդաղ սողալով մոտենում և արագ նետվելով՝ փաթաթվում են նրա շուրջը: Թունավոր օձերը անշարժացնում են զոհին, նրա մարմնի մեջ թույն ներարկելով: Կծելիս, վերին ծնոտի ժանիքանման ատամների վրա գտնվող խողովակներով թույնն անցնում է զոհի մարմնի մեջ:
Օձի թույնը մարդուն կարող է սպանել 29 վ մինչև 40 րոպե ընկած ժամանակահատվածի ընթացքում: Ուստի հարկավոր է առաջին օգնության ցուցաբերումից հետո մարդուն արագ տեղափոխել հիվանդանոց՝ հակաթույնի ներարկման համար:
Ամենամեծ օձը անակոնդան է՝ 10 մ: Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ վերքը մաքրել թույնից, որպեսզի այն չտարածվի արյան հոսքով:



