Կենսաբանություն

Սողունների բազմազանությունը և դասակարգումը

Ինչպես արդեն գիտեք, սողունները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ  7,5  հազար տեսակ:

Սողուններն առաջացել են հնադարյան պարզագույն երկկենցաղներից:

Ժամանակակից սողունների տեսակներ

I . Կնճիթագլուխների կարգ

Այս կարգն ունի միայն մեկ տեսակ. դա մինչև մեր օրերը հասած հնադարյան հատերիան է: Հատերիան տարածված է միայն Նոր Զելանդիայում:

II . Կրիաների կարգ

Այս կարգում ընդգրկված է մոտ  250  տեսակ: Դա հնադարյան խումբ է, որը սկիզբ է առել անմիջապես հնադարյան սողուններից՝  240  մլն տարի առաջ: Կրիաների մարմինը պարփակված է եղջերային թիթեղիկներով պատված ոսկրային զրահի մեջ, որն առաջացել է կմախքի ոսկրերից և մաշկի ոսկրային թիթեղիկների սերտաճումից: Շարժուն են միայն գլուխը, վերջույթները և պոչը: Կրիաներն ատամներ չունեն, նրանց ծնոտի եզրերը սուր են, եղջերային և փոխարինում են ատամներին:

Կրիաների կարգն ընդգրկում է ցամաքային, ջրային և կիսաջրային կենսակերպ ունեցող տեսակներ: Ցամաքային տեսակներից է  200  կգ կշիռ ունեցող փղային կրիան, որն ապրում է Գալապագոսյան կղզիներում: Կիսաջրային կենսակերպ վարող կրիաները մեծամասամբ գիշատիչ են: Ծովերում և օվկիանոսներում ապրող կրիաների վերջույթները վերածվել են լողաթաթերի: Դրանցից է ծովային կրիան, որը մինչև  450  կգ կշիռ ունի:

III . Կոկորդիլոսների կարգ

Այս կարգը ընդգրկում է  23  տեսակ: Կոկորդիլոսները հնադարյան սողուններ են, ունեն  1,5−8  մ երկարություն: Նրանց մարմինը պատված է ամուր եղջերային վահանիկներով, պոչը կողքերից սեղմված է: Առջևի վերջույթները կրում են հինգ ազատ մատներ, իսկ ետինները՝ լողաթաղանթով միացած չորսական մատներ:

Կոկորդիլոսների սիրտը քառախորշ է, բաժանված է լրիվ միջնապատով: Կոկորդիլոսների թոքերն ունեն բազմաթիվ միջնապատեր և խողովակներ, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը: Աչքերը և քթանցքերը թմբիկների վրա են, դրա շնորհիվ ջրի մեջ սուզված կոկորդիլոսի միայն աչքերն ու քթանցքերն են ջրից դուրս: Կոկորդիլոսները ցամաք են դուրս գալիս հանգստանալու կամ բազմանալու համար: Նրանք գիշատիչներ են, սնվում են տարբեր կենդանիներով:

Ներկայացուցիչներն են՝ նեղոսյան կոկորդիլոս, միսսիսպյան ալիգատոր, գանգյան գավիալ, սև կայման:

IV . Թեփուկավորների կարգ

Թեփուկավորների կազմում են ընդգրկված օձերի  3000  տեսակ և մողեսների  4300  տեսակ:  

Մողեսներ

Մողեսներն ունեն  2  զույգ ոտքեր, սակայն հանդիպում են նաև թերզարգացած վերջույթներով և անոտ տեսակներ: Ամենախոշոր մողեսը  4 մ երկարությամբ և  180 կգ քաշով Կոմոդո կղզում ապրող վարանն է: Գեկկոնների ընտանիքում կան շատ փոքրիկ՝  3−3,5  սմ երկարությամբ օրգանիզմներ: Ագամաները, իգուաները, սցինկները տարածված են անապատներում, արևադարձային և մերձարևադարձային երկրներում: Գեկկոնները մթնշաղային կենդանիներ են, հանդիպում են նաև Միջին Ասիայում, Ղրիմում, Անդրկովկասում:

Ներկայացուցիչներն են՝ իգուանա, ագամա, կոմոդյան վարան, գեկկոն:

Օձեր

Օձերը անվերջույթ, որդանման, սողացող կենդանի օրգանիզմներ են: Հանդիպում են արևադարձային անտառներում, անապատներում, սողուն ավազների մեջ:

Օձերը սովորաբար որսին դարանակալում են կամ էլ դանդաղ սողալով մոտենում և արագ նետվելով՝ փաթաթվում են նրա շուրջը: Թունավոր օձերը անշարժացնում են զոհին, նրա մարմնի մեջ թույն ներարկելով: Կծելիս, վերին ծնոտի ժանիքանման ատամների վրա գտնվող խողովակներով թույնն անցնում է զոհի մարմնի մեջ:

Օձի թույնը մարդուն կարող է սպանել  29  վ մինչև  40  րոպե ընկած ժամանակահատվածի ընթացքում: Ուստի հարկավոր է առաջին օգնության ցուցաբերումից հետո մարդուն արագ տեղափոխել հիվանդանոց՝ հակաթույնի ներարկման համար:

Ամենամեծ օձը անակոնդան է՝ 10  մ: Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ վերքը մաքրել թույնից, որպեսզի այն չտարածվի արյան հոսքով:

Оставить комментарий