Տրանսպորտի դերը տնտեսության մեջ
Տրանսպորտ (լատ.՝ trans — «մեջ», portare — «տանել»), տնտեսության առանձին ճյուղ, որն սպասարկում է զանազան տեսակի փոխադրումներ, հաղորդակցության միջոցների ամբողջություն։ Տրանսպորտ ասելիս հաճախ ի նկատի ունեն նաև առանձին տեսակի փոխադրամիջոցները։ Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային (երկաթուղային և ճանապարհային), ջրային, մալուխային, տիեզերական փոխադրամիջոցները և խողովակաշարերը։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս զբաղվել առևտրով, ինչը կարևոր է քաղաքակրթությունների զարգացման համար։
Տրանսպորտի յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելություններն ու թերությունները և ընտրվում է կախված ուղևորության արժեքից և երթուղուց։
Օդային տրանսպորտ
Անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ, «օդից թեթև» օդանավեր են․ դրանք վեր բարձրացնելու համար օգտագործվում է թևերի նկատմամբ օդի շարժումը։ Անշարժ թևերով օդանավերի թվին են պատկանում թե փոքր մարզական կամ տուրիստական օդանավերը և թե մեծ մարդատար ինքնաթիռներն ու ռազմական բեռնատար օդանավերը։
Օդային տրանսպորտի շահագործման համար անհրաժեշտ են օդային հոսանքներ (այն վեր բարձրացնելու համար) և վայրէջքի գոտի։ Անհրաժեշտ է նաև օդանավակայանային ենթակառուցվածք՝ օդանավերի մեծ մասի տեխնիկական սպասարկման, վերազինման, լցավորման ու անձնակազմը, բեռները և ուղևորներին օդանավ բարձրացնելու համար։ Չնայած որ օդանավերի մեծ մասը օդ է բարձրանում և վայրէջք կատարում հողի վրա, դրանցից որոշները կարող են նույնը կատարել այլ մակերևույթներին՝ սառույցի, ձյան կամ հանդարտ ջրային մակերևույթի վրա։
Օդանավը՝ հրթիռից հետո, աշխարհում երկրորդ ամենաարագ տրանսպորտային միջոցն է։ Մարդադար օդանավերը կարող են շարժվել ժամում 955կմ արագությամբ, մեկ շարժիչով օդանավերը՝ ժամում 555կմ։ Օդային հաղորդակցության միջոցով հնարավոր է հեռավոր վայրեր տեղափոխել մարդկանց և սահմանափակ քանակությամբ բեռներ, սակայն դա կապված է մեծ ծախսերի և էներգիայի սպառման հետ․ փոքր հեռավորության վրա և դժվարանցանելի վայրերում կարելի է օգտագործել ուղղաթիռներ։ 2009թ․ ապրիլի 28-ին The Guardian պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն․ «ԱՄԿ տվյալներով յուրաքանչյուր վայրկյան օդում գտնվում է մոտ 500,000 մարդ»։
Ջրային տրանսպորտ
Ջրային տրանսպորտը ծովերով, օվկիանոսներով, լճերով, ջրանցքներով կամ գետերով ջրային փոխադրամիջոցներով՝ բեռնանավերով, զբոսանավերով, նավակներով, լաստանավերով, տեղաշարժն է։ Ջրային փոխադրամիջոցները պիտի օժտված լինեն լողունությամբ, այդ իսկ պատճառով նախագծման, կառուցման և սպասարկման ժամանակ մեծ նշանակություն ունի դրանց կմախքը։
Առաջին շոգենավերը, որոնցում նավը շարժող թիավար անիվը կամ թիապտուտակը գործի դնելու համար օգտագործվում էր շոգեմեքենա, ստեղծվել են 19-րդ դարում։ Գոլորշին արտադրվում էր ջեռուցիչ կաթսայում՝ փայտի կամ ածխի այրմամբ և շարժվում դեպի արտաքին այրման շարժիչ։ Ներկայումս նավերի մեծ մասը զինված է ներքին այրման շարժիչով, որն աշխատանքի է դրվում բունկերային վառելիքով (չնչին կերպով թորված նավթ)։ Որոշ նավերում, օրինակ՝ սուզանավերում, գոլորշու արտադրության համար օգտագործվում է միջուկային էներգիա։ Տուրիստական և ուսումնական նավերը շարժվում են քամու ուժով, իսկ ավելի փոքր մասշտաբի նավերը շարժման մեջ են դրվում մեկ կամ ավելի պտուտակները շարժող ներքին այրման շարժիչներով, իսկ ռեակտիվ նավերը՝ ռեակտիվ ջրային շարժիչներով։ Իսկ ծանծաղ ջրերով երթևեկող օդային բարձով նավակները շաժվում են հսկայական հրող հսկայական հրող պտտանիվներով։
Չնայած որ այն, այլ տրանսպորտային միջոցների համեմատ, դանդաղ է, ժամանակակից ծովային տրանսպորտը մեծաքանակ բեռների փոխադրման շատ արդյունավետ եղանակ է։ 2007 թվականին մոտ 35,000 առևտրային նավ փոխադրել է 7,4 միլիարդ տոննա բեռ։ Միջմայրցամաքային բեռնափոխադրումների պարագայում ջրային տրանսպորտի օգտագործումը շատ ավելի էժան է, քան օդայինինը, իսկ առափնյա տարածքներում լայնորեն տարածված են փոքրիկ նավերը և լաստանավերը։

