Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ

2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ

3. որտեղ, քանի, ինչպես, ինչու

4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1. ով, ինչ, երբ, սույն

2. ողջ, քանի, ինչու, որ

3. որտեղ, քանի, ինչպես, ինչու

4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն

2. համայն, սույն, միևնույն, ինչ

3. այսպես, այդպես այնպես, որքան

4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ

անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Եթե թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես, չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

Իր (անձ. դեր.), դու (անձ. դեր.), ո՞ւր (հարց. դեր.), ինչի՞(հարց. դեր.), ես (անձ. դեր.),  քեզ (անձ. դեր.) սրանք (ցուց. դեր.), որտեղի՞ (հարց. դեր.), այս (ցուց. դեր.), նրանից (անձ. դեր.) սա (ցուց. դեր.), մեր (անձ. դեր.):

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, որն այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, քանի որ «ալո» նշանակում է «լսում եմ»:

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Նրանք որոշեցին մրցել: Նապաստակը  հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց և  քնեց: Իսկ կրիան առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա նվաճեց հաղթողի պարգևը:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.

— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Պատասխանեց.

-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:

բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:

դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:

ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:

զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:

է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Оставьте комментарий