Հայոց պատմություն

Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկիյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել խաչակիրների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում: 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: 1226 թ-ին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին` Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մահմեդական թշնամիների, հատկապես` մամլուքների դեմ: 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան` թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների: Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375թ-ին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես գրավվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թ-ին:

Կիլիկիյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև առաջացել էին ռազմական և տնտեսական կապեր, որոնց հետևանքով Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ: Իսկ հասարակությունը վերածվեց ֆեոդալականի: Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության շատ տարրեր: Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը` Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Աշխարհագրական դիրք

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր: Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից` անմատչելի լեռներով: Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն: Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից` Լեռնային Կիլիկիա և Դաշտային Կիլիկիա: Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը:

Հայերը Կիլիկիայում

Դեռևս Հայկյան Արամի իշխանության տարիներին Կիլիկիայի հյուսիսային հատվածը մտնում էր Հայքի կազմի մեջ: Սակայն ընդունված է համարել, որ հայերը մուտք են գործել Կիլիկիա մ.թ.ա. 1-ին դարում, երբ Տիգրան Մեծը նվաճել էր Մերձավոր Արևելքի մեծ մասը: Մ.թ.ա. 83 թ. քաղաքացիական պատերազմներից թուլացած Սելևկյանները հրավիրեցին Տիգրանին Ասորիք: Հետագայում Տիգրանը նվաճեց Փյունիկիան և Կիլիկիան: Նրա տերության հարավային սահմանը հասնում էր մինչև Իսրայելի Պտղոմայիս (ներկայիս Ակրա) քաղաքը: Իր հզորության գագաթնակետին Հայկական կայսրությունը ձգվում էր Պոնտական լեռներից (հարավարևելյան Փոքր Ասիա) մինչև Միջագետք, և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Տիգրանը նույնիսկ ներխուժել էր Պարթևաստանի մայրաքաղաք Էկբատան: Սակայն մ.թ.ա. 27 թ. Հռոմեական կայսրությունը նվաճեց Կիլիկիան և դարձրեց այն իր արևելյան պրովինցիաներից մեկը:

Աղբյուրը՝ https://uniarm.wordpress.com/%D5%AF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Оставьте комментарий