Կենսաբանություն

Կաթնասունների արտաքին կառուցվածքը

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են: Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

 Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ:

Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.

  1 . անտառաբնակ կաթնասուններ,

 2 . տափաստանային կաթնասուններ,

3 . գետնաբնակ կաթնասուններ,

4 . օդաբնակ կաթնասուններ,

 5 . ջրաբնակ կաթնասուններ,

 6 . կիսաջրաբնակ կաթնասուններ,

7 . ծառաբնակ կաթնասուններ,

8 . մարդու կողմից բուծվող կաթնասուններ:

Հայտնի է կաթնասունների մոտ  5,5  հազար տեսակ:

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ: Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել: Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:

Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթի: Մորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են: Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկից: Մազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:

Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր: Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար: Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը: Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են: Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ: Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:

Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:

Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:

Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: Առջևի վերջույթներ` թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Հետևի վերջույթներ` ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները`  I . գանգ,  II . ողնաշար,  III . գոտիներ,  IV . վերջույթներ: 

I . Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:

II . Ողնաշար. ունի  5  բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են,  7 -ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար: 

Կրծքային ողերը  12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է  2−9  ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:

Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից:

III . Գոտիներ.

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ թիակներից, զույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր:   

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

 IV . Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ,  5  մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, մեծ և փոքր ոլոքներ, թաթ,  5  մատներ:

Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:

Оставьте комментарий