Հայոց պատմություն

Նորավանք

Հայկական ճարտարապետական նշանավոր այս համալիրը  գտնվում է Ամաղու գյուղից արևելք, անդընդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա։ Վանքի տարածքը սրբատեղի է եղել և ուխտատեղի դեռ վաղ միջնադարում իր հրաշագործ աղբյուրի շնորհիվ և հայտնի էր որպես Ավագ կամ Խորաձոր անապատ:

Վանական համալիրը հիմնադրվել է ավելի ուշ՝ XII դարում և կառուցապատվել հիմնականում XIII-XIV դդ.: Անապատը Նորավանք է վերանվանվել 1221-ին:

Համաքրիստոնեական միջնադարյան արվեստի համար աննախադեպ է Հայր Աստծո և Սուրբ Հոգու պատկերագրությունը, որն արվել է Նորավանքի որմնաքանդակներում:  Նորավանքի այդ քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:

Ավանդազրույցներ վանքի մասին

Մոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել: Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնում: Մոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:

Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ուգիշեր` մտածելով Լուսիկի մասին, նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրամարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճարը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` շարելով գիշեր ու զօր: Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և նրա քարերից ոչ մեկը դեռ չէր պակասել:

 Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբրև թե իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ մնաց, որովհետև նրա վերջին քարը չդրվեց, այլ շիրմաքար դարձավ վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը շիներ, ուստի միշտ նոր էր մնալու: Եվ այդ պատճառով էլ վանքի անունն էլ մնաց Նորավանք:

Աղբյուրը՝ http://ostarmenia.com/hy/noravanq-am/