Կռունկ
Մուշեղ Գալշոյան
Մաս 1-ին
— Մարգարի՛տ․․․
Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։
-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։ Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝ Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:
— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝ հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։
Հարցեր և առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
մյուռոն — անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների և օծումների ժամանակ:
տարաշխարհիկ — հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա:
նշխար — բոլորակ կամ բարակ ու տափակ անթթխմոր հաց (մի երեսին Քիիստոսի նկարը), որով հաղորդություն են տալիս հավատացյալներին (գինու մեջ թաթախելուց և վրան համապատասխան աղոթք կարդալուց հետո):
վեղար — Հայ կրոնավորի գլխի ծածկույթ:
լավա — հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված
հարկավ — անշուշտ, անկասկած:
փերթ-փերթ —
պանդուխտ- հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ:
Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
Իրիկնապահ — երեկո, իրիկուն, իրիկնադեմ
Արթնանալ — զարթնել, աչքը բաց անել
Պանդուխտ — վտարանդի, օտարական, գաղթական
Տխուր — տրտում, մռայլ, թախծոտ
Վեհ — բարձր, վսեմ
Աղեկտուր — գութ շարժող
Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները:
Առնական — կանացի, կանացիական
Հզոր — թույլ, անզոր
Տրտմություն — ուրախություն, զվարճություն
Սևահեր — թխահեր, սպիտակահեր…
Ծիծաղկոտ — լալկան