Կենսաբանություն

Մարդու Հյուսվածքները

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու օրգանիզմում կան  4  տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։

Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։

Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։

Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են  3−4  անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի  40  %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Оставьте комментарий