Պատմություն

Նադիր շահի պատմական կերպարը

Իրանի հզոր տիրակալի կյանքի ու գործունեության շատ դրվագներ անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Նրա կերպարը «Թմբկաբերդի առումը» պոեմում կերտել է Հովհաննես Թումանյանը: Պատմաբանները նրան Նադիր շահ են կոչում, բայց Իրանի ահեղ տիրակալը երբեք շահի տիտղոս չկրեց` բավարարվելով իր համար համեստ խանի տիտղոսով: Նադիր ղուլի՝ նշանակում է հրաշքների ստրուկ: Այդպես էին կոչում Իրանի զորեղ տիրակալին: Նա ծագումով թուրքմեն էր՝ աֆշար ցեղից: Ծնվել է 1688 թ. օգոստոսի 6-ին: Հայրը թաղիքագործ էր: Նադիրը հոր վաղաժամ մահից հետո ընտանիքի հոգսը հոգում էր ուղտով փայտ վաճառելով: Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել պատանու համար: Նադիրին ու մորը գերեվարում են ուզբեկներն ու ստրկության վաճառում: Սական շատ չանցած՝ պատանին փախուստի է դիմում և ավազակությամբ զբաղվում: Շուտով նա դառնում է անվանի ավազակապետ, որի գործունեության վայրը Խորասան նահանգն էր: Նադիրը կարողացավ մեծ ավազակախումբ հավաքել և ահ ու սարսափ տարածել շրջապատում: Նա դարձավ ազդեցիկ ու հզոր իշխանավոր: Նրա մտերմությունն էին որոնում շատ խաներ: Ի թիվս այլոց, Նադիրի ծառայություններից հաճախ էր օգտվում Խորասանի Բաբուլ բեկը: Նադիրը ծառայության անցավ նրա մոտ, քիչ անց փախցրեց նրա աղջկան ու ամուսնացավ հետը: Ծնվեց զավակը՝ Ռեզա ղուլին: Նադիրի կյանքի համար շրջադարձային էր Գելաթ քաղաքում հանդիպումը ծերունի հորեղբոր հետ, որը կոչ արեց թողնել ավազակությունն ու կյանքը նվիրել աֆղան հրոսակախմբերից Իրանն ազատագրելու սրբազան գործին: Երիտասարդն անմիջապես գործի անցավ: Ազատագրեց Գելաթը, ապա՝ Մազանդարանը, որից հետո շահ Թահմասպ Երկրորդն իր մոտ հրավիրեց Նադիրին: Ծառայության անցնելով Իրանի շահի մոտ՝ Նադիրն իր անունը փոխեց, դարձավ Թահմազ ղուլի, որ նշանակում է Թահմազի ծառա: Նադիրը զորահրամանատար դարձավ, ստացավ խանի տիտղոս: Նադիրը կարողացավ ճնշել աֆղանների ապստամբությունը, աֆղաններից մաքրել Խորասանը, Շահ Թահմազին մեծ հանդիսավորությամբ բազմեցրեց Սպահանի գահին: Սակայն շահ Թահմազը չէր կարող հաշտվել Նադիրի հեղինակության հետ և նրա ազդեցությունից ազատվելու համար փորձեց նրան հեռացնել ասպարեզից: Իմանալով դա՝ Նադիրն իր 50 հազարանոց բանակով մտավ Սպահան, գահընկեց արեց Թահմազին ու գահ բարձրացրեց նրա վեց ամսական որդուն` շահ Աբաս Երկրորդին՝ դառնալով երկրի փաստացի տիրակալը: Նադիրը Իրանի ամբողջականությունը վերականգնելու համար պատերազմ հայտարարեց Թուրքիային, Բաղդադի մոտ ջարդեց թուրքական 100 հազարանոց բանակը, նվաճումներ արեց Կովկասում: Նա ռուսներից հետ վերցրեց մերձկասպյան երկրները, բացառությամբ Բաքվի և Դերբենդի, գրավեց Երևանն ու Թիֆլիսը: Օգտվելով ընձեռնված առիթից՝ 150 հազարանոց թուրքական բանակը, գրավելով Հարավային Անդրկովկասը, անցավ Արաքսն ու մտավ Իրանի տարածք: Թուրքերը գրավեցին Խոյը, Մարաղան, Թավրիզը: Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը ճանաչեց թուրքերի իրավունքները նվաճած երկրների վրա, փոխարենը թուրքերը Աշրաֆին ճանաչեցին Իրանի տիրակալ: Սակայն 1729 թ. սեպտեմբերին Նադիրը ջախջախեց Աշրաֆի աֆղանական բանակն ու գահընկեց արեց նրան: Նա թուրքերին վտարեց նաև Թավրիզի շրջանից, սակայն շահ Թահմասպ Երկրորդն առանց Նադիրի պարտվեց թուրքերին, և վերջիններս ամրացան Անդրկովկասում: Միայն 1734 թ. Նադիրի զորքերը մտան Անդրկովկաս և վտարեցին այնտեղից թուրքերին: Նադիրի արշավանքը ցնծությամբ դիմավորեց հայությունը, որ ամեն կերպ սատարում էր պարսկական բանակին: Մանավանդ 1735 թ. Եղվարդի վճռական ճակատամարտում էական էր հայերի ցուցաբերած աջակցությունը պարսկական բանակին: Նադիրի բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ: 1736 թ. Էրզրումում կնքված պայմանագրով Թուրքիան կրկին ճանաչեց Պարսկաստանի իրավունքները Արևելյան Հայաստանի վրա: Իր ռազմական տաղանդի պատճառով շատ ժամանակակից պատմաբաններ Նադիր շահին պարսկական Նապոլեոն էին կոչում: 1736 թ. Նադիրը սպանել տվեց մանուկ շահ-Աբաս Երկրորդին ու Մուղանի դաշտում թագադրվեց հայոց Աբրահամ կաթողիկոսի ձեռքով` այդպիսով Իրանում հիմք դնելով Աֆշարիների հարստությանը: Երբ Իրանում թագադրման արարողության ժամանակ գահ էր բարձրանում շահը, նրա մեջքին սուր էին կապում: Նադիրը պահպանեց այդ արարողակարգը, սակայն Մուղանի դաշտում այդ պատիվը նա վերապահեց հայոց Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին: Նա արշավանքներ ձեռնարկեց և գրավեց Աֆղանստանը, Միջին Ասիան, Հնդկաստանի հյուսիսը: Հաղթանակներ տարավ Իրաքում, Պարսից ծոցի ավազանում, Պակիստանի տարածքում: Նադիրը կասկածամիտ էր և բռնկուն բնավորություն ուներ: Երբ իմացավ, որ իր որդի Ռիզա ղուլի Միրզան դավ է նյութում իր դեմ, առանց քննություն կատարելու կուրացրեց նրան: Հետո պարզվեց, որ որդին անմեղ է, բայց արդեն ուշ էր: Նա սիրում էր հայերին, հատկապես` Աբրահամ կաթողիկոսին: Նրան միշտ իր սեղանակիցն էր դարձնում: Հայերն էլ իրենց հերթին աջակցում էին Նադիրին պատերազմներում: Կաթողիկոսը Մուղանից հետո բոլոր երեխաներին ի պատիվ նրա Մուղան անունով էր մկրտում: Անձամբ Նադիր Շահը Հայաստանում եղած ժամանակ Էջմիածնում մասնակից է եղել պատարագի: Նա Էջմիածնի վանքին նվիրեց 1000 թուման վերանորոգման համար, ինչպես նաև՝ 15 կգ քաշով ոսկե ջահ, որ բերել էր տվել Քիրմանշահից: Նադիրն արտոնություններ շնորհեց հայ եկեղեցուն ու հոգևորականությանը: Նա թույլատրեց Մելիք Հակոբջանյաններին Երևանում դրամատուն հիմնել և արծաթե ու պղնձե դրամներ հատել: Նադիր շահի մտերիմներից էր նաև Արցախի Խաչենի մելիք Եգանը, որ պարբերաբար մասնակցում էր Նադիրի արշավանքներին: Նադիր շահը, գնահատելով մելիք Եգանի ծառայությունը, խանի տիտղոս շնորհեց նրան, Արցախն անջատեց Գանձակի խանությունից և առանձին վարչական միավոր ստեղծեց՝ Խամսայի մելիքությունները՝ առանձին կիսանկախ հայոց պետությունն Անդրկովկասի հարավում: Առանձին շնորհների արժանացան նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Ղարադաղի հայ մելիքները: Կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին նրա մասին գրել է «Պատմագրությիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» աշխատությունը: Նրա մտերիմներից էր նաև Թոփուզ Մելիքջան Մելիք-Շահնազարյանը, որին Նադիր շահը Երևանում նշանակեց քալանթար-կառավարիչ Երևանի խանից անկախ` ի հատուցումն նրա ծառայությունների, երբ մելիքը, Կարբիի ճակատամարտում իր զորքերով միանալով շահին, թիկունքից հարվածեց թուրքերին: Նա Մելիքջանին բաբա` հայր էր կոչում: Մի առիթով գժտվում են Մելիքջանն ու Երևանի խանը: Շահը նրանց կանչում է դատի: Մեղավոր է ճանաչվում խանը: Բայց Մելիքջանը, փռվելով շահի ոտքերի առաջ, խնդրում է ներել նրան: Զայրացած շահը խեղդամահ է անում երկուսին էլ: Մելիքջանի իրավունքները շահը տալիս է նրա որդուն` Մանուչարին: Շահի սպանությունից հետո, Երևանում մահմեդականները սպանում են նաև Մանուչարին: Կասկածամիտ բռնակալը որոշել էր քարուքանդ անել Նոր Ջուղան, բայց չհասցրեց: Նա արդեն հոգեկան հիվանդության ու մոլագարության էր հասել: 1747 թ. հունիսի 19-ին 59 տարեկան հասակում նա սպանվեց իր երեք մերձավոր սպաների ձեռքով: Աղբյուրը՝ http://archive3.ankakh.com/article/26732/%e2%80%8bnadir-shah

Պատմություն

Պատերազմ

Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։

Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։