Նադիր շահի պատմական կերպարը
Իրանի հզոր տիրակալի կյանքի ու գործունեության շատ դրվագներ անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Նրա կերպարը «Թմբկաբերդի առումը» պոեմում կերտել է Հովհաննես Թումանյանը: Պատմաբանները նրան Նադիր շահ են կոչում, բայց Իրանի ահեղ տիրակալը երբեք շահի տիտղոս չկրեց` բավարարվելով իր համար համեստ խանի տիտղոսով: Նադիր ղուլի՝ նշանակում է հրաշքների ստրուկ: Այդպես էին կոչում Իրանի զորեղ տիրակալին: Նա ծագումով թուրքմեն էր՝ աֆշար ցեղից: Ծնվել է 1688 թ. օգոստոսի 6-ին: Հայրը թաղիքագործ էր: Նադիրը հոր վաղաժամ մահից հետո ընտանիքի հոգսը հոգում էր ուղտով փայտ վաճառելով: Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել պատանու համար: Նադիրին ու մորը գերեվարում են ուզբեկներն ու ստրկության վաճառում: Սական շատ չանցած՝ պատանին փախուստի է դիմում և ավազակությամբ զբաղվում: Շուտով նա դառնում է անվանի ավազակապետ, որի գործունեության վայրը Խորասան նահանգն էր: Նադիրը կարողացավ մեծ ավազակախումբ հավաքել և ահ ու սարսափ տարածել շրջապատում: Նա դարձավ ազդեցիկ ու հզոր իշխանավոր: Նրա մտերմությունն էին որոնում շատ խաներ: Ի թիվս այլոց, Նադիրի ծառայություններից հաճախ էր օգտվում Խորասանի Բաբուլ բեկը: Նադիրը ծառայության անցավ նրա մոտ, քիչ անց փախցրեց նրա աղջկան ու ամուսնացավ հետը: Ծնվեց զավակը՝ Ռեզա ղուլին: Նադիրի կյանքի համար շրջադարձային էր Գելաթ քաղաքում հանդիպումը ծերունի հորեղբոր հետ, որը կոչ արեց թողնել ավազակությունն ու կյանքը նվիրել աֆղան հրոսակախմբերից Իրանն ազատագրելու սրբազան գործին: Երիտասարդն անմիջապես գործի անցավ: Ազատագրեց Գելաթը, ապա՝ Մազանդարանը, որից հետո շահ Թահմասպ Երկրորդն իր մոտ հրավիրեց Նադիրին: Ծառայության անցնելով Իրանի շահի մոտ՝ Նադիրն իր անունը փոխեց, դարձավ Թահմազ ղուլի, որ նշանակում է Թահմազի ծառա: Նադիրը զորահրամանատար դարձավ, ստացավ խանի տիտղոս: Նադիրը կարողացավ ճնշել աֆղանների ապստամբությունը, աֆղաններից մաքրել Խորասանը, Շահ Թահմազին մեծ հանդիսավորությամբ բազմեցրեց Սպահանի գահին: Սակայն շահ Թահմազը չէր կարող հաշտվել Նադիրի հեղինակության հետ և նրա ազդեցությունից ազատվելու համար փորձեց նրան հեռացնել ասպարեզից: Իմանալով դա՝ Նադիրն իր 50 հազարանոց բանակով մտավ Սպահան, գահընկեց արեց Թահմազին ու գահ բարձրացրեց նրա վեց ամսական որդուն` շահ Աբաս Երկրորդին՝ դառնալով երկրի փաստացի տիրակալը: Նադիրը Իրանի ամբողջականությունը վերականգնելու համար պատերազմ հայտարարեց Թուրքիային, Բաղդադի մոտ ջարդեց թուրքական 100 հազարանոց բանակը, նվաճումներ արեց Կովկասում: Նա ռուսներից հետ վերցրեց մերձկասպյան երկրները, բացառությամբ Բաքվի և Դերբենդի, գրավեց Երևանն ու Թիֆլիսը: Օգտվելով ընձեռնված առիթից՝ 150 հազարանոց թուրքական բանակը, գրավելով Հարավային Անդրկովկասը, անցավ Արաքսն ու մտավ Իրանի տարածք: Թուրքերը գրավեցին Խոյը, Մարաղան, Թավրիզը: Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը ճանաչեց թուրքերի իրավունքները նվաճած երկրների վրա, փոխարենը թուրքերը Աշրաֆին ճանաչեցին Իրանի տիրակալ: Սակայն 1729 թ. սեպտեմբերին Նադիրը ջախջախեց Աշրաֆի աֆղանական բանակն ու գահընկեց արեց նրան: Նա թուրքերին վտարեց նաև Թավրիզի շրջանից, սակայն շահ Թահմասպ Երկրորդն առանց Նադիրի պարտվեց թուրքերին, և վերջիններս ամրացան Անդրկովկասում: Միայն 1734 թ. Նադիրի զորքերը մտան Անդրկովկաս և վտարեցին այնտեղից թուրքերին: Նադիրի արշավանքը ցնծությամբ դիմավորեց հայությունը, որ ամեն կերպ սատարում էր պարսկական բանակին: Մանավանդ 1735 թ. Եղվարդի վճռական ճակատամարտում էական էր հայերի ցուցաբերած աջակցությունը պարսկական բանակին: Նադիրի բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ: 1736 թ. Էրզրումում կնքված պայմանագրով Թուրքիան կրկին ճանաչեց Պարսկաստանի իրավունքները Արևելյան Հայաստանի վրա: Իր ռազմական տաղանդի պատճառով շատ ժամանակակից պատմաբաններ Նադիր շահին պարսկական Նապոլեոն էին կոչում: 1736 թ. Նադիրը սպանել տվեց մանուկ շահ-Աբաս Երկրորդին ու Մուղանի դաշտում թագադրվեց հայոց Աբրահամ կաթողիկոսի ձեռքով` այդպիսով Իրանում հիմք դնելով Աֆշարիների հարստությանը: Երբ Իրանում թագադրման արարողության ժամանակ գահ էր բարձրանում շահը, նրա մեջքին սուր էին կապում: Նադիրը պահպանեց այդ արարողակարգը, սակայն Մուղանի դաշտում այդ պատիվը նա վերապահեց հայոց Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին: Նա արշավանքներ ձեռնարկեց և գրավեց Աֆղանստանը, Միջին Ասիան, Հնդկաստանի հյուսիսը: Հաղթանակներ տարավ Իրաքում, Պարսից ծոցի ավազանում, Պակիստանի տարածքում: Նադիրը կասկածամիտ էր և բռնկուն բնավորություն ուներ: Երբ իմացավ, որ իր որդի Ռիզա ղուլի Միրզան դավ է նյութում իր դեմ, առանց քննություն կատարելու կուրացրեց նրան: Հետո պարզվեց, որ որդին անմեղ է, բայց արդեն ուշ էր: Նա սիրում էր հայերին, հատկապես` Աբրահամ կաթողիկոսին: Նրան միշտ իր սեղանակիցն էր դարձնում: Հայերն էլ իրենց հերթին աջակցում էին Նադիրին պատերազմներում: Կաթողիկոսը Մուղանից հետո բոլոր երեխաներին ի պատիվ նրա Մուղան անունով էր մկրտում: Անձամբ Նադիր Շահը Հայաստանում եղած ժամանակ Էջմիածնում մասնակից է եղել պատարագի: Նա Էջմիածնի վանքին նվիրեց 1000 թուման վերանորոգման համար, ինչպես նաև՝ 15 կգ քաշով ոսկե ջահ, որ բերել էր տվել Քիրմանշահից: Նադիրն արտոնություններ շնորհեց հայ եկեղեցուն ու հոգևորականությանը: Նա թույլատրեց Մելիք Հակոբջանյաններին Երևանում դրամատուն հիմնել և արծաթե ու պղնձե դրամներ հատել: Նադիր շահի մտերիմներից էր նաև Արցախի Խաչենի մելիք Եգանը, որ պարբերաբար մասնակցում էր Նադիրի արշավանքներին: Նադիր շահը, գնահատելով մելիք Եգանի ծառայությունը, խանի տիտղոս շնորհեց նրան, Արցախն անջատեց Գանձակի խանությունից և առանձին վարչական միավոր ստեղծեց՝ Խամսայի մելիքությունները՝ առանձին կիսանկախ հայոց պետությունն Անդրկովկասի հարավում: Առանձին շնորհների արժանացան նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Ղարադաղի հայ մելիքները: Կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին նրա մասին գրել է «Պատմագրությիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» աշխատությունը: Նրա մտերիմներից էր նաև Թոփուզ Մելիքջան Մելիք-Շահնազարյանը, որին Նադիր շահը Երևանում նշանակեց քալանթար-կառավարիչ Երևանի խանից անկախ` ի հատուցումն նրա ծառայությունների, երբ մելիքը, Կարբիի ճակատամարտում իր զորքերով միանալով շահին, թիկունքից հարվածեց թուրքերին: Նա Մելիքջանին բաբա` հայր էր կոչում: Մի առիթով գժտվում են Մելիքջանն ու Երևանի խանը: Շահը նրանց կանչում է դատի: Մեղավոր է ճանաչվում խանը: Բայց Մելիքջանը, փռվելով շահի ոտքերի առաջ, խնդրում է ներել նրան: Զայրացած շահը խեղդամահ է անում երկուսին էլ: Մելիքջանի իրավունքները շահը տալիս է նրա որդուն` Մանուչարին: Շահի սպանությունից հետո, Երևանում մահմեդականները սպանում են նաև Մանուչարին: Կասկածամիտ բռնակալը որոշել էր քարուքանդ անել Նոր Ջուղան, բայց չհասցրեց: Նա արդեն հոգեկան հիվանդության ու մոլագարության էր հասել: 1747 թ. հունիսի 19-ին 59 տարեկան հասակում նա սպանվեց իր երեք մերձավոր սպաների ձեռքով: Աղբյուրը՝ http://archive3.ankakh.com/article/26732/%e2%80%8bnadir-shah