Կենսաբանություն

Հյուսվածք

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու օրգանիզմում կան  4  տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։

Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը

Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։

Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։

Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։

Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։

Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։

Ոսկրային  հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։

Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։

Հյուսվածքները իրենց հերթին կազմում են օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն  օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։

Оставьте комментарий