Հենաշարժիչ համակարգ: Ոսկրերի կառուցվածքը և աճը
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
Հենարանային
Պաշտպանական
Տեղաշարժման
Արյունաստեղծ
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3 -ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա: Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։
Խողովակավոր երկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):
Ոսկրերի աճը
Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50 % ջուր, օրգանական միացությունները կազմում են 28 %, իսկ անօրգանական միացությունները՝ 22 %: