Կենսաբանություն

Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերը

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի  (  O2;CO2  )  հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը:  1  մմ³ արյան մեջ պարունակվում է  4,5−5  մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:

Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը  120−130  օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան  1  մմ³ -ում պարունակվում է  6000−8000  լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը  3−4  օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

Թրոմբոցիտներ: Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են  5−7  օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ:  1  մմ³ արյան մեջ պարունակվում է  400000  թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Оставьте комментарий