Կենսաբանություն

Արյան մակարդում

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

 Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:

 Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում  3−8  րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

Արյան խմբեր

Տարբերում են արյան չորս խմբեր: Այսպես` որոշ մարդկանց (արյան  I  խումբ) էրիթրոցիտներում բացակայում են  A  և  B  ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են  α  և  β  ագլյուտինիններ: Արյան  II  խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն  A  ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  β  ագլյուտինիններ: Արյան  III  խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են  B  ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α  ագլյուտինիններ:

Արյան  IV  խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան  A  և  B  ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան  I  խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան  A  և  B  ագլյուտինոգեններ,  II  և  III  խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և  IV  խմբերին:  IV  խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն  IV  խմբի արյուն ունեցող մարդկանց: Այդ պատճառով արյան  I  խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ  IV  խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:

 Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց  40−50 %-ը ունի առաջին խմբի արյուն,  30−40 %-ը` երկրորդ,  10−20 %-ը՝ երրորդ, իսկ  5 %-ը՝ չորրորդ խումբ:

Оставьте комментарий