Կենսաբանություն

Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները

Շնչառության նշանակությունը

Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև  95 % խոնավություն) Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն  10−15 սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է  16−20  աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Оставьте комментарий