Ալբանիա
Ամբողջական պաշտոնական անվանումը՝ Ալբանիայի Հանրապետություն, պետություն Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։
Ալբանիան Իտալիայից առանձնանում է Օտրանտոյի նեղուցով։ Հյուսիս-արևելքում սահմանակից է մասամբ ճանաչված Կոսովոյին, հյուսիս-արևմուտքում՝ Չեռնոգորիային, արևելքում՝ Մակեդոնիային, հարավ-արևելքում՝ Հունաստանին։
Անվանումը ծագում է իլլիրիական olba բառից, որը նշանակում է լեռ կամ լեռնային երկիր։ Մյուս մեկնաբանումը լատիներեն է ալբիս-ը նշանակում է սպիտակ, 12-13-րդ դարերում, երբ վենետիկցիները ափ դուրս եկան այս երկրում բնակիչները նրանց դիմավորեցին իրենց սպիտակ ազգային տարազով։
Ալբանիան գտնվում է Եվրոպայի հարավում՝ Բալկանյան թերակղզու արևմտյան մասում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Նրա տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռնաշղթաներն ու սարահարթերը։ Առանձին լեռնագագաթներ հասնում են 2500 մ-ի (առավելագույնը՝ 2764 մ, Կորաբին լեռ)։ Երկրի ընդերքը հարուստ է քրոմիտի (պաշարներով և արդյունահանմամբ առաջինն է Եվրոպայում), երկաթի, նիկելի, պղնձի, նավթի, բիտումի, գորշ ածխի պաշարներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են շտապում փրփրադեզ արագահոս գետեր (Դրին, Մատին, Շկումբինեին, Սեմանին)։ Նրանք կտրում-անցնում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով ձգվող նեղլիկ հարթավայրը։ Կան բազմաթիվ (150) մանր լճեր, իսկ Շկոդեր, Օխրիդյան և Պրեսպա մեծ լճերը սահմանային են և Ալբանիային են պատկանում մասամբ։
Կլիման միջերկրածովյան է. ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, օդի ջերմաստիճանը 0օC-ից չի իջնում։ Լեռներում զով ու խոնավ է, ձնածածկույթը պահպանվում է մի քանի ամիս։
Երկրի ղեկավարը նախագահն է։
Երկրի խորհրդարանը միապալատանի Ազգային ժողովն է (140 տեղ)։ 100 պատգամավորներ մեկ մանդատանի շրջաններում ընտրվում են մեծամասնական համակարգով (երկու փուլով), 40-ը՝ կուսակցական ցուցակներով՝ չորս տոկոսանոց շեմով։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 4 տարի է։
Ալբանիայի առաջին խորհրդարանը ստեղծվել է 1920 թ.՝ անկախության համար և Փարիզի պայմանագրով նախատեսված Հունաստանի, Իտալիայի և Հարավսլավիայի միջև երկրի բաժանման դեմ պայքարի ընթացքում։
Բնակչության թիվը 3 620 000 մարդ (2012 թ․), հայերի թիվը՝ մոտ 400։ Բնակչության միջին խտությունը՝ 126 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 76,4 տարի։ Ազգային կազմը՝ ալբանացիներ (95%), հույներ (3%), վալախներ, հայեր (0,01%), գնչուներ։ Ուրբանիզացմսն մակարդակը՝ 53,7%: Պետական լեզուն՝ ալբաներեն։
Հնուց ի վեր Ալբանիայում տարածված են եղել արհեստները, որոնցից ամենահատկանշականը արծաթի գեղարվեստական մշակումն է։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Երկրում պահպանվել են թուրքական խոհանոցի սովորույթները, մսից պատրաստված ճաշատեսակներ՝ կծու սոուսով։ Ընդունված է արևելյան սուրճը։ Պահպանվում է ազգային տարազը, որի հիմնական գույներն են սպիտակը, սևն ու կարմիրը։
Մինչև 20-րդ դարի կեսերը Ալբանիայի քաղաքներում գերակշռում էին երկհարկանի քարե տները՝ կղմինդրե ծածկով։ Ժամանակակից կառույցները բազմահարկ են։ Մայրաքաղաք Տիրանան խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն է։ Այնտեղ գործում է համալսարան։