Մաշկ
Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:
Մաշկի գործառույթներ են՝
1 . Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:
2 . Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
3 . Արյան պահուստային և զգայնության օրգան է:
4 . Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից:
5 . Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:
6 . Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:
7 . Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:
Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:
Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի: