Հայոց պատմություն

Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից է, XX դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից, ՀՀԴ կուսակցության անդամ:

Արամ Մանուկյանը (հեղափոխական անունն է 1904 թ-ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը: 1901–03 թթ-ին կուսակցության հանձնարարությամբ աշխատել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903 թ-ին Կարսից զենք, զինամթերք և կամավորական խմբեր է փոխադրել Արևմտյան Հայաստան: 1904–08 թթ-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում: 1910 թ-ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայության ամենաճանաչված գործիչներից: Եղել է 1915 թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916–17 թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: Մեծապես նպաստել է 1917 թ-ի մայիսի 2–11-ը Երևանում Արևմտահայերի 1-ին համագումարի կազմակերպմանը: 1917 թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918 թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ): Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար:

Կառավարության դերը կատարել է Մանուկյանի ջանքերով ստեղծված կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն ինքն էր:

Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան: Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է: Նա նոր կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը: Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար: Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվել է հայոց պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված մահմեդականներից:

Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից:

Արամ Մանուկյանի մասին գրվել են գրքեր, հյուսվել երգեր, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում, կիսանդրին կանգնեցվել է մայրաքաղաքում (2009 թ.):

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու»:

Արամ Մանուկյան

Աղբյուրը՝https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1344

Оставьте комментарий