Մաթեմատիկա առանց բանաձևերի

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Պատ.՝ 4

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

Պատ.՝ 8

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

Պատ.՝ 39

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ

խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Պատ.՝ հավասար

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

Պատ.՝ հավասար

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:

Պատ.՝ հինգշաբթի

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

Պատ.՝ 1124

Պատմություն

Անդրանիկ

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար:

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը:

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում: Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ

Պատմություն

Դրաստամատ Կանայան

Դրաստամատ Կանայանը (Դրո) ծնվել է 1884թ. մայիսի 31-ին Իգդիրում: Երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1905թ. կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նշանակվել է երկրորդ կամավորական գնդի հրամանատար: 1918թ.-ի մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ:

Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Կարմիր բանակի կողմից Հայաստանի առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։

Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։

Անուրանալի դեր ունի Եվրոպայի հայերին և հայ ռազմագերիներին փրկելու գործում։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրատիճան պաշտոնյաների, հատկապես՝ Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի և այլ զինվորականների հետ։

Նրա կողմից լուրջ աշխատանք է տարվել Գերմանիայի վերաբերմունքը հայության նկատմամբ փոխելու գործում։ 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։

Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա: