Գրականություն

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:

  1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:

«Տաղարանը»` Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից է: Այն գրվել է 1920-21 թվականներին և նվիրված է Չարենցի կնոջը՝ Արփենիկին։ «Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է ընդհանրապես իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում է մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմուներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…

  • Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:

Բանաստեղծությունների մեջ հաճախ նշվում է Սայաթ-Նովայի անունը, քանի որ  Սայաթ- Սայաթ-Նովան հայ ժողովրդի հպարտությունն է, միջնադարյան պոեզիայի վերջին ձայնը, նոր պոեզիայի մեծ ու արքայական սկիզբը: Սայաթ-Նովան ու իր երգերը պարտավորեցրել են նրա հետնորդներին, պահպանել հայկական խոսվածքը, բարձր դասել բարին, գեղեցիկն ու ազնիվը, գնահատել սիրո և բարեկամության մեծ ուժը:

  • Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:

,,Տաղարան,, շարքի բառարան

տալղա — ալիք, հորձանք

               գեմի — նավակ

             հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն   աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:

 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:

 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:

սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ

ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:

Ինչքան որ հուր կա իմ սըրտում – բոլորը քեզ.

Ինչքան կրակ ու վառ խընդում – բոլորը քեզ.–

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չըմնա՝

Դո՜ւ չըմրսես ձմռան ցրտում.– բոլո՜րը քեզ…

Արփենիկին Չարենցը սիրել է մեծագույն սիրով և այդ սիրո անխոս վկան է այս քառատողը: Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։

Գրականություն

Չարենցի «Ծիածան» շարքից

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Չարենցի «Ծիածան» շարքից ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Լուսամփոփի պես աղջիկ» ստեղծագործությունն է: Սեր, ջերմություն, մաքրություն, թախիծ կա այս բանաստեղծության մեջ: Բանաստեղծության գույները ունեն նուրբ երանգներ, ինչպես ծիածանը, մաքուր ու զուլալ են, ինչպես ջուրը: Ես կարծում եմ, որ այս բանաստեղծությունը իսկական սիրո խոստովանություն է: Բանստեղծության մեջ գերիշխում է կապույտը: Չարենցի պատկերացրած կապույտը  տխուր, բայց միևնույն ժամանակ «թեթև», պարզ և ,ինչու ոչ , սիրո երանգներ պարունակող գույն է :

Գրականություն

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――
Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…
    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։
— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…
IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։
Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։
Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Թմկաբերդ

Թմկաաբեր, Թմուկ կամ Թմկա բերդը միջնադարյան հայկական բերդ է Մեծ Հայքի Գուգարք աշխարհում`  Կուր գետի ձախ ափին: Ներկայումս գտնվում է Վրաստանի տարածքում:

Բերդը գտնվում է երեք բլուրների վրա և շրջապատված է 150 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ պատով: Յուրաքանչյուր բլրի վրա կա մի քանի աշտարակ: Թմկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր: Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ:

Թմկաբերդի հետ է կապված Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի Առումը» պոեմը (1902 թ.):

Գրականություն

Տրնդեզ կամ Տեառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը կամ Տեառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Երուսաղեմի տաճարում Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:

Ինչպե՞ս «Դռնդեզը» դարձավ «Տրնդեզ»

Այս եկեղեցական տոնի արմատները տանում են դեպի նախաքրիստոնեական անցյալ, երբ մեր նախնիները դեռ կրակապաշտ էին: Եվ այն ժամանակ այդ տոնը կոչվում էր «Դրնդեզ», ինչը հայերեն բառացիորեն նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Երբ Հայաստանը 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց և «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»` հայերեն «տեր» բառից:

Տրնդեզի առասպելը

Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ինչպե՞ս են հայերը տոնում Տրնդեզը

Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև տոնակատարության ցանկացած մասնակից։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում կա նորածին։

Տրնդեզի հրաշքները

Հազարամյա պատմության ընթացքում տոնին ավելացել են բազմաթիվ նախանշաններ։ Այսպես, ժողովրդի շրջանում տարածված է այն կարծիքը, որ եթե սիրահար զույգը խարույկի վրայով թռչելիս կարողանա ձեռքերը բռնած պահել, ապա նրանց սերը կլինի հավերժ։ Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեարնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Եթե անգամ երիտասարդները բարձր չեն թռնում, հոգ չէ. տոնական խարույկի լեզվակները, դիպչելով ոտքի կրունկներին, փոխանցում են վերակենդանացման և բարեկեցության ուժ։

Խարույկի վրայով թռնում են նաև անպտուղ կանայք` հուսալով, որ դա կօգնի նրանց վայելել մայրության բերկրանքը։ Խարույկի վրայով թռնում են տոնակատարության մյուս մասնակիցները` իրենցից վանելով անհաջողությունն ու ձախորդությունը։ Դրանից հետո բոլորը ձեռք ձեռքի բռնած շուրջպար են բռնում խարույկի շուրջ։ Գյուղական համայնքներում խարույկի մոխիրը տարածվում է դաշտերով` լեփ–լեցուն բերք ունենալու ակնկալիքով։

Գրականություն

Վահան Տերյան

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Անափ-անեզր

Մրրկում-հուզել

Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:

Իմ կարծիքով գարունը նոր կյանքի, բնության զարթոնքի խորհրդանիշն է, որն էլ երևում է այս տողերում:

Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

Բացատրիր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:

Զարթոնք

Գրականություն

Վահան Տերյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

12. ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,

Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,

Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…

Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,

Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—

Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,

Որպես երազ մոռացումի անձավում.

Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —

Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Գրականություն

Hovhannes_Toumanian

Քառյակներ

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նըրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,

Իրար կըպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Քառյակներ

******

Հոգիս` տանը հաստատվել―

Տիեզերքն է ողջ պատել.

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նըկատել։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

Գրականություն

ՕՀենրի

Մոգերի ընծաները

I

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:

Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:  Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

մոգ- զրադաշտական կրոնի hոգևոր պաշտոնյա, քուրմ, կախարդ

սակարկել- առևտուր անել:

նպարավաճառ- նպարեղեն վաճառող

օթոց- բազմոց

շքամուտք- շենքի գլխավոր մուտք

հավակնոտ- հանդուգն

2. Բացատրիր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

Նա այնքան քիչ գումար ուներ, որ չգիտեր, թե ինչ անի այդ գումարով, քանի որ առջևում Ծննդյան տոներն էին:

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատույան, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

Կահավորանքը ցույց էր տալիս, որ նրանք շատ աղքատ էին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

Կարելի է ասել, որ «Դիլինգհեմ» բառն աստիճանաբար մոռացվում էր:

3. Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ  ապրելը,

«Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում:

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց:

Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

Իսկ այժմ  «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»: 

Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել:

4. Հեղինակի խոսքում առաձնացրու (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:

Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց:

Երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները:

Գրականություն

Ի՛նքդ այսպիսի օրագիր կազմիր` պատմելով քո մի քանի օրվա մասին (փորձի՛ր նապաստակի նման պատկերավոր գրել):

Իմ օրագիրը          

Շաբաթվա յուրաքանչյուր օր արթնանում եմ վաղ առավոտյան, լվացվում, հագնվում, նախաճաշում ու շտապում դպրոց: Մեր դասերը սկսվում են ժամը իննին և ավարտվում ժամը երկուսին: Դպրոցում շատ հետաքրքիր ու ուրախ է անցնում մեր առօրյան: Հարուստ գիտելիքներով զինված՝  վերադառնում եմ տուն: Շատ եմ սիրում շաբար օրը, քանի որ հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Իմ ապագան տեսնում եմ համակարգիչների աշխարհում:

Գրականություն

Համաստեղ

Նապաստակի մը օրագիրը

Նապաստակը նման էր վախկոտ մարդու տեսակին: Նապաստակը շատ ուշադիր էր իր շրջապատի հանդեպ և ուներ վառ ու երազկոտ երևակայություն: Ես նույնպես ունեմ պատկերավոր ու երազկոտ երևակայություն:

Երևակայություն

Երևակայությունը կարևոր դեր է խաղում մեր կյանքում: Եթե մարդն ընդհանրապես չունենա երևակայություն, նա  կզրկվի բոլոր գիտական հայտնագործություններից ու արվեստի ստեղծագործություններից, իսկ առաջընթացը կանգ կառնի: Հեռախոս, համակարգիչ, մեքենա… Ժամանակին սրանք ստեղծել հնարավոր չէր: Բայց գտնվեցին մարդիկ, որոնց երևակայությունը հուշեց, որ հնարավոր է:

Այժմ ես հաճախում եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի կարողանամ հասնել նպատակիս ու ստեղծել իմ սեփական խաղը, որն արդեն կա երևակայությանս մեջ:

Գրականություն

Նարինջները. Վիլյամ Սարոյան

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով կորցրել էր ծնողներին և ապրում էր հորեղբոր ընտանիքում։ Նրա հոգում խորը տխրություն կար։ Լյուկն ապրում էր ամենօրյա վեճերի մեջ․ հորեղբոր կինը ամուսնուն բողոքում էր իրենց վատ ապրուստից և անընդհատ վիճում էր։ Իսկ Լյուկը ստիպված էր փողոցում կանգնել ու նարինջ վաճառել։ Հորեղբայրն ասում էր․ «Լյուկ, քեզանից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս»։

Սակայն Լյուկը չէր կարողանում ժպտալ, քանի որ նա որբ էր, միայնակ։ Այգիներում ոտաբոբիկ վազելու փոխարեն նա ցուրտ ու մռայլ փողոցում փորձում էր գումար վաստակել։ Իմ կարծիքով Լյուկը հոգեպես շատ ուժեղ տղա էր: Շատ դժվար է այդպիսի պայմաններում ժպտալ: Բայց նա հույս ուներ, որ իր մոտ կստացվի, և գոնե մեկը նարինջ կգնի իրենից: Նա նույնիսկ ամենահու- սահատ պահին գիտակցում էր, որ իր լացով ոչինչ չի փոխվի: Եթե հայտնվեի այս պատմվածքում, կօգնեի Լյուկին նարինջները վաճառել, կփորձեի նաև նրան համոզել, որ կյանքի գույները հնարավոր է փոխել։