Կենսաբանություն

Նյարդային  համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։

Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։

 Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ  և սպիտակ նյութ։ Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստների  կուտակումներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։

Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար) համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ  ու մետասիմպաթիկ բաժինների։

Վեգետատիվ նյարդային համակարգ

Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը  ծայրամասային նյարդային համակարգի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված  է պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։ Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առնձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։

Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական:

Պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։

Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։

Կենսաբանություն

Արտազատական և խառը գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։

Գոյության ունի գեղձերի  3  տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:

Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։

Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։

Խառը գեղձեր

1. Ենթաստամոքսային գեղձ

 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:

 Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:

 2.Սեռական գեղձեր

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:

Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:

Արտազատական գեղձեր

1.Արցունքագեղձ

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։

Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:

2. Թքագեղձերը

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

3. Քրտնագեղձեր

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի  2,5  մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։

 Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես  NaCl ), թրջում են մաշկի մակերևույթը։

Կենսաբանություն

Մարդու Հյուսվածքները

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու օրգանիզմում կան  4  տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։

Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։

Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։

Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են  3−4  անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի  40  %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Կենսաբանություն

Կաթնասունների արտաքին կառուցվածքը

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են: Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

 Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ:

Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.

  1 . անտառաբնակ կաթնասուններ,

 2 . տափաստանային կաթնասուններ,

3 . գետնաբնակ կաթնասուններ,

4 . օդաբնակ կաթնասուններ,

 5 . ջրաբնակ կաթնասուններ,

 6 . կիսաջրաբնակ կաթնասուններ,

7 . ծառաբնակ կաթնասուններ,

8 . մարդու կողմից բուծվող կաթնասուններ:

Հայտնի է կաթնասունների մոտ  5,5  հազար տեսակ:

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ: Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել: Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:

Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթի: Մորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են: Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկից: Մազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:

Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր: Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար: Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը: Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են: Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ: Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:

Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:

Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:

Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:

Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:

Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:

Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: Առջևի վերջույթներ` թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Հետևի վերջույթներ` ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:

Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները`  I . գանգ,  II . ողնաշար,  III . գոտիներ,  IV . վերջույթներ: 

I . Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:

II . Ողնաշար. ունի  5  բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են,  7 -ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար: 

Կրծքային ողերը  12−15 -ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:

Գոտկային բաժինը կազմված է  2−9  ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:

Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:

Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից:

III . Գոտիներ.

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ թիակներից, զույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր:   

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

 IV . Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ,  5  մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, մեծ և փոքր ոլոքներ, թաթ,  5  մատներ:

Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:

Կենսաբանություն

Սողունների բազմազանությունը և դասակարգումը

Ինչպես արդեն գիտեք, սողունները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ  7,5  հազար տեսակ:

Սողուններն առաջացել են հնադարյան պարզագույն երկկենցաղներից:

Ժամանակակից սողունների տեսակներ

I . Կնճիթագլուխների կարգ

Այս կարգն ունի միայն մեկ տեսակ. դա մինչև մեր օրերը հասած հնադարյան հատերիան է: Հատերիան տարածված է միայն Նոր Զելանդիայում:

II . Կրիաների կարգ

Այս կարգում ընդգրկված է մոտ  250  տեսակ: Դա հնադարյան խումբ է, որը սկիզբ է առել անմիջապես հնադարյան սողուններից՝  240  մլն տարի առաջ: Կրիաների մարմինը պարփակված է եղջերային թիթեղիկներով պատված ոսկրային զրահի մեջ, որն առաջացել է կմախքի ոսկրերից և մաշկի ոսկրային թիթեղիկների սերտաճումից: Շարժուն են միայն գլուխը, վերջույթները և պոչը: Կրիաներն ատամներ չունեն, նրանց ծնոտի եզրերը սուր են, եղջերային և փոխարինում են ատամներին:

Կրիաների կարգն ընդգրկում է ցամաքային, ջրային և կիսաջրային կենսակերպ ունեցող տեսակներ: Ցամաքային տեսակներից է  200  կգ կշիռ ունեցող փղային կրիան, որն ապրում է Գալապագոսյան կղզիներում: Կիսաջրային կենսակերպ վարող կրիաները մեծամասամբ գիշատիչ են: Ծովերում և օվկիանոսներում ապրող կրիաների վերջույթները վերածվել են լողաթաթերի: Դրանցից է ծովային կրիան, որը մինչև  450  կգ կշիռ ունի:

III . Կոկորդիլոսների կարգ

Այս կարգը ընդգրկում է  23  տեսակ: Կոկորդիլոսները հնադարյան սողուններ են, ունեն  1,5−8  մ երկարություն: Նրանց մարմինը պատված է ամուր եղջերային վահանիկներով, պոչը կողքերից սեղմված է: Առջևի վերջույթները կրում են հինգ ազատ մատներ, իսկ ետինները՝ լողաթաղանթով միացած չորսական մատներ:

Կոկորդիլոսների սիրտը քառախորշ է, բաժանված է լրիվ միջնապատով: Կոկորդիլոսների թոքերն ունեն բազմաթիվ միջնապատեր և խողովակներ, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը: Աչքերը և քթանցքերը թմբիկների վրա են, դրա շնորհիվ ջրի մեջ սուզված կոկորդիլոսի միայն աչքերն ու քթանցքերն են ջրից դուրս: Կոկորդիլոսները ցամաք են դուրս գալիս հանգստանալու կամ բազմանալու համար: Նրանք գիշատիչներ են, սնվում են տարբեր կենդանիներով:

Ներկայացուցիչներն են՝ նեղոսյան կոկորդիլոս, միսսիսպյան ալիգատոր, գանգյան գավիալ, սև կայման:

IV . Թեփուկավորների կարգ

Թեփուկավորների կազմում են ընդգրկված օձերի  3000  տեսակ և մողեսների  4300  տեսակ:  

Մողեսներ

Մողեսներն ունեն  2  զույգ ոտքեր, սակայն հանդիպում են նաև թերզարգացած վերջույթներով և անոտ տեսակներ: Ամենախոշոր մողեսը  4 մ երկարությամբ և  180 կգ քաշով Կոմոդո կղզում ապրող վարանն է: Գեկկոնների ընտանիքում կան շատ փոքրիկ՝  3−3,5  սմ երկարությամբ օրգանիզմներ: Ագամաները, իգուաները, սցինկները տարածված են անապատներում, արևադարձային և մերձարևադարձային երկրներում: Գեկկոնները մթնշաղային կենդանիներ են, հանդիպում են նաև Միջին Ասիայում, Ղրիմում, Անդրկովկասում:

Ներկայացուցիչներն են՝ իգուանա, ագամա, կոմոդյան վարան, գեկկոն:

Օձեր

Օձերը անվերջույթ, որդանման, սողացող կենդանի օրգանիզմներ են: Հանդիպում են արևադարձային անտառներում, անապատներում, սողուն ավազների մեջ:

Օձերը սովորաբար որսին դարանակալում են կամ էլ դանդաղ սողալով մոտենում և արագ նետվելով՝ փաթաթվում են նրա շուրջը: Թունավոր օձերը անշարժացնում են զոհին, նրա մարմնի մեջ թույն ներարկելով: Կծելիս, վերին ծնոտի ժանիքանման ատամների վրա գտնվող խողովակներով թույնն անցնում է զոհի մարմնի մեջ:

Օձի թույնը մարդուն կարող է սպանել  29  վ մինչև  40  րոպե ընկած ժամանակահատվածի ընթացքում: Ուստի հարկավոր է առաջին օգնության ցուցաբերումից հետո մարդուն արագ տեղափոխել հիվանդանոց՝ հակաթույնի ներարկման համար:

Ամենամեծ օձը անակոնդան է՝ 10  մ: Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ վերքը մաքրել թույնից, որպեսզի այն չտարածվի արյան հոսքով:

Կենսաբանություն

Շուն

Իմ սիրելի ընտանի կենդանին շունն է, այդ իսկ պատճառով կփորձեմ պատմել շների մասին:

Ընտանի շունը կամ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում: Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում: Ապրելով մարդու հետ`  մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին: Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ: Հին եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում:

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են:

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական` մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ: Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է: Դրանք նաև սննդի աղբյուր են`   օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին: Օտարերկրացիների համար` 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը:

Առաջացման պատմություն

Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել`   սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը :

Շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ: Ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում: 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը: Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում`   Գոյեի քարանձավում (Goyet)`   31 700 տարի առաջ:

Կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ  21  հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ  45  կարգերում, որոնք միավորված են  2  հիմնական դասերում՝

1 . Կռճիկային ձկների դաս

2 . Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես  400 մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15  սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի  15  մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև  20  մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝  12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե  3000  մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև  220  Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Կենսաբանություն

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ:

Ծիծեռնակներ

Ծիծեռնակները ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք է։ Հայտնի է 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Գյուղական ծիծեռնակը փոքրիկ, կապտամոխրագույն մեջքով, վառ նարնջագույն կոկորդով, սպիտակ կուրծքով և մկրատաձև պոչով թռչուն է: Թռիչքում` երկնքի ֆոնի վրա, նա ամբողջովին սև է երևում: Բայց նրան շատ հեշտ է ճանաչել մկրատաձև պոչից և թեթև, սահուն թռիչքից:

Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել էլեկտրական լարերի վրա նստած: Ամռանը նրանց հաճելի ծլվլոցը յուրահատուկ զարթուցիչի դեր է կատարում:

Աֆրիկայից նրանք վերադառնում են Եվրոպական տարածաշրջան, որպեսզի բույն հյուսեն, ձու դնեն ու ձագ հանեն:

Հայաստան ծիծեռնակները վերադառնում են հիմնականում ապրիլի սկզբին, իսկ չվում են սեպտեմբերի կեսերին:

Քաղաքային ծիծեռնակը ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն է: Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է` մետաղափայլով,  պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով: Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են: Քաշը` 20-22 գ, թևի երկարությունը`   97-118 մմ:

Քաղաքային ծիծեռնակը ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը`   մարտ-ապրիլ ամիսներին, վերադառնում է : Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր: Բնակվում է նաև մարդու հարևանությամբ: Բնադրվում է գաղութներով: Բույնը ծեփում է ցեխից`   ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով: Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն: Բույնը նման է կիսագնդի: Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ`   ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:

Այս տեսակի թռչունները տարածված են Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում:

Կենսաբանություն

Հավի ձվի օգտակար հատկությունների մասին




 
 
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ ևս ունի և արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաև դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա և կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը և մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:
 
Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսեւորում:
Հավին ձուն նաև ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը և ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
 
Կալորիականություն
Հավի մեկ ձուն շուրջ 157 կալորիա է պարունակում: Դեղնուցը գլխավորապես սպիտակուցներից, ճարպերից եւ խոլեստերինից է բաղկացած, իսկ սպիտակուցը՝ ջրից ու սպիտակուցներից: Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում և կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել:
 
Նախազգուշական միջոցառումներ
Բոլոր վերը հիշատակված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաև սպառնալիք պարունակել մարդու առողջության համար: Վտանգն, առաջին հերթին, մակերեսին գտնվող, երբեմն նույնիսկ՝ ներս թափանցող տարատեսակ մանրէների և մակաբույծների հետ է կապված: Այնպես որ, վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել և ոչ մի պարագայում հում վիճակում չուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հում ձվին դիպչելուց հետո ձեռքերն անպայման լվանալ:
 

Կենսաբանություն

Թիթեռներ

Թիթեռները  միջատների կարգ է, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։

Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։

Թեփուկաթևավորների բրածո մնացորդները հայտնաբերվում են սկսած Յուրայի դարաշրջանից։ Ներկայումս թեփուկաթևավորները համարվում են միջատների ամենահարուստ կարգերից մեկը՝ 158000 տեսակով։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։

Թիթեռները կարևոր դեր են խաղում բնական էկոհամակարգերում, մասնակցում են փոշոտմանը և սննդային օղակներում ծառայում են որպես սնունդ։ Իսկ գյուղատնտեսության մեջ ունեն բացասական նշանակություն, քանի որ հաճախ թիթեռների թրթուրների սննդի հիմնական աղբյուրը մշակաբույսերն են։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաև մետաքսագործ թիթեռները, որոնցից ստանում են մետաքս։

Կառուցվածքը

Ինչպես բոլոր միջատների, այնպես էլ թիթեռների մարմինը կազմված է 3 հիմնական բաժիններից՝ գլխից, կրծքից և փորիկից։ Մարմինն արտաքինից պատված է խիտինով, որը արտաքին կմախքի դեր է կատարում։

Գլուխ

Գլուխը մարմնի այն հատվածն է, որտեղ գտնվում են բերանը և զգայարանների մեծ մասը։ Ինչպես հասուն միջատի մոտ, այնպես էլ թրթուրի մոտ գլուխը կարծրացած է և առաջացնում է պատիճ։ Գլուխը քիչ շարժուն է, կլորավուն կարծրացած ծոծրակային մակերեսով։

Աչքեր և գունազգայունություն

Գլխի երկու, կողմերում տեղադրված են, լավ զարգացած, կիսագնդաձև, մեկ զույգ բարդ, ֆասետային աչքերը: Աչքերը կլոր են կամ օվալաձև, հաճախ նաև բողբոջանման։ Աչքերը զբաղեցնում են գլխի կողմնային հատվածների մեծ մասը, շրջապատված են մազիկներով։

Թեփուկաթևավորները կարող են տարբերել գույները, սակայն գունազգայունությունը դեռևս լավ չի ուսումնասիրված։ Որոշ թիթեռներ, ինչպես օրինակ՝ եղնջաթիթեռը  և կաղամբաթիթեռը տարբերում են կարմիր գույնը, այն դեպքում, երբ թավշաթիթեռները այն չեն տեսնում։ Թիթեռներին ամենաշատը գրավում են երկու գույն՝ կապտամանուշակագույնը և դեղնակարմիրը։ Թիթեռներն ընկալում են նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները, զգայուն են բևեռացված լույսի նկատմամբ և կարող են նրանց միջոցով կողմնորովել տարածության մեջ։ Ավելի լավ տարբերում են շարժվող առարկաները:

Թեփուկաթևավորները հաճախ ունեն նաև 2 գագաթային պարզ աչքեր, որոնք դասավորված են բեղիկների ետևում։ Ճակատային աչքը բացակայում է։

Բեղիկներ

Բեղիկները թիթեռների հոտառության օրգաններն են։ Նրանք գտնվում են գագաթային և ճակատային հատվածների սահմանում, ընկալում են հոտերը, օդի տատանումները։ Բեղիկներն օգնում են նաև թռիչքի ժամանակ պահպանել հավասարակշռությունը։

Բերանային ապարատ

Թեփուկաթևավորների բերանային ապարատը բազմազան է։ Կնճիթիկը ծառայում է հեղուկ սնունդը ուտելու համար։ Կնճիթիկի ներսում դասավորված են զգայուն մազիկներ, որոնք կատարում են ռեցեպտորային ֆունկցիա։

Կուրծք

Կուրծքը կազմված է միմյանց միաձուլված 3 հատվածներից՝ նախակուրծք, միջնակուրծք և հետնակուրծք. յուրաքանչյուր հատված ունի 1 զույգ վերջույթ, կրծքի վրա են գտնվում նաև թևերը։ Նախակուրծքը չափերով ավելի փոքր է, քան մյուս հատվածները. նրա վրա տեղադրված են առաջին զույգ վերջույթները։ Թեփուկաթևավորների վերջույթների վրա կան նաև հոտառական օրգաններ, որոնք զգում են սննդի «համը» և «հոտը»։

Երկու զույգ թևերը գտնվում են կրծքի միջնամասում՝ միջնակրծքի և հետնակրծքի վրա։

Թևեր

Թեփուկաթևավորներն ունեն 2 զույգ թաղանթավոր, թույլ ջղավորված թևեր։

Թեփուկաթևավորների տեղաշարժման հիմնական եղանակը թռիչքն է, որը կարող է լինել ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ (ճախրել, սավառնել վայրասլաց ուղղաձիգ թռիչք) ։

Թեփուկաթևավորները սնվում են միայն նեկտարով։ Շատ թեփուկաթևավորներ սնվում են ծառերի հյութով, փտող և գեհասունացած պտուղներով։ Որոշ տեսակներ էլ սնվում են մեղրով՝ ներխուժելով մեղուների փեթակներ։ Կան նաև փոշով սնվող թիթեռներ։

Կենսաբանություն

Երկկենցաղներ

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ  4,5  հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները`  I . գանգ,  II . ողնաշար,  III . գոտիներ,  IV . վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:

II. Ողնաշար. ունի  4 բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային: 

Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:

III.  Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:

Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV.  Վերջույթներ

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ,  4  ազատ մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած  5  մատներ:

Երկկենցաղների իրանի մկանների մի մասը պահպանել է հատվածավորությունը ձկների նման: Լավ զարգացած են անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները: Ձկների համեմատությամբ բարդացել են նաև երկկենցաղների բերանի և լեզվի մկանները: Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, գորտի տոտիկները համարվում են խորտիկ:

Կենսաբանություն

Փափկամարմինների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառական, արտաթորական օրգանները, սեռական գեղձերը և հետանցքը:

Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերային, միջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:

Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:

Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:

Փափկամարմինները ունեն գրեթե  130.000  տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:

Լճախխունջը  4,5−5,5  սմ մեծությամբ և քաղցրահամ ջրերում կամ ջրային բույսերի վրա ապրող օրգանիզմ է: Լճախխունջի դարչնականաչավուն խեցին պարուրաձև է, ունի սուր գագաթ և լայն բացվածք: Լճախխունջի դեպքում ևս թիկնոցային խոռոչը ապահովում է օրգանիզմի կապը շրջակա միջավայրի հետ: Լճախխունջի բերանը գտնվում է գլխի ստորին կողմում: Բերանի կողքերում գտնվում են զույգ շոշափուկներ, որոնք շոշափելիքի, զգացողության դեր են կատարում: Գլխի վրա գտնվում են նաև զույգ աչքեր:

Մարսողական համակարգ

Լճախխունջը սնվում է ջրային բույսերով կամ օրգանական մնացորդներով: Լճախխունջի մարսողական համակարգը առանձնահատուկ է նրանով, որ արդեն իսկ ունի կատարյալ մարսողական գեղձեր, որոնցից են թքագեղձերը և լյարդը:

Լճախխունջի կլանում կա հատուկ օրգան՝ քերիչ, որը նման է ատամիկներով լեզվի, որով նա կարողանում է սնվել բույսերի փափուկ մասերով: Կերակրափողում բացվում են թքագեղձերի ծորանները, իսկ լյարդի արտադրած մարսողական ֆերմենտները ծորանով բացվում են բարակ աղիքում: Ուղիղ աղիքում կատարվում է մարսված սննդանյութերի ներծծում, և հետանցքով չմարսված մնացորդները հեռացվում են հետանցքով դեպի թիկնոցային խոռոչ և ապա արտաքին միջավայր:

Շնչառական համակարգ

Փափկամարմինները նյութափոխանակության կատարելագործմամբ պայմանավորված` կարիք ունեն մեծ քանակությամբ  O2 -ի: Մաշկային շնչառությունը այլևս չի կարողանում ապահովել լճախխունջի կողմից  O2 -ի ակտիվ սպառումը: Այդ ամենով պայմանավորված արդեն իսկ դրսևորվում է ձևավորված շնչառական համակարգ, որը կազմված է շնչառական ուղիներից և շնչառական օրգաններից՝ ցամաքային թոքերից կամ ջրային խռիկներից:

Շնչառական օրգանները հարուստ են մազանոթներով, որոնց մեջ կատարվում է գազափոխանակությունը՝ արյունը հագենում է  O2 -ով և ազատվում  C  O2 -ից:

Խռիկները հանդիպում են այն տեսակների մոտ, որոնք շնչում են ջրում լուծված թթվածնով: Դրանք տեղակայվում են թիկնոցային խոռոչում և պատված են թարթիչներով, որոնց շարժումները ստեղծում են ջրի հոսք, ինչը նպաստում է գազափոխանակությանը: Թոքերը հատուկ են մթնոլորտային թթվածնով շնչող փափկամարմիններին: Թոքն իրենից ներկայացնում է մազանոթներով հարուստ թիկնոցի ծալք, որը թոքային անցքով բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Արյունատար համակարգ

Լճախխունջի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս ձևավորված սիրտը: Այն կազմված է փորոքից և  1  կամ  2  նախասրտից: Սրտի կծկումները մղում են արյունը դեպի խոշոր անոթներ՝ զարկերակներ, այնուհետև՝ մազանոթներ, որտեղից այն դուրս է գալիս մարմնի խոռոչ: Սա նշանակում է, որ արյունատար համակարգը բաց տիպի է, այսինքն արյան մի մասը դուրս է գալիս անոթներից, շրջանառում է ներքին օրգանների միջև եղած խոռոչներում: Այդ ընթացքում կատարվում է նյութափոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Արյունը տալիս է թթվածինը և հարստանալով ածխաթթու գազով՝ հոսում է դեպի հատուկ արյունատար անոթ՝ երակ, որով էլ հոսում է դեպի թոք:

Արտաթորական համակարգ

Փափկամարմինների մոտ դիտվում է լավ զարգացած արտաթորության համակարգ: Ի տարբերություն օղակավոր որդերի նախաերիկամների՝ լճախխունջը ունի բարդ կազմավորված երիկամ, որի կառուցվածքային միավորներն են նեֆրոնները: Այսպիսով, արտաթորական համակարգը ներկայացված է մեկ երիկամով, որից դուրս եկող միզածորանը բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Նյարդային համակարգ

Լճախխունջի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից, որի վերկլանային նյարդային հանգույցը ավելի կատարյալ է զարգացած, քան ենթակլանային նյարդային հանգույցը: Լավ զարգացած վերկլանային հանգույցով կատարում է «գլխուղեղ»-ի դեր, որից դուրս են գալիս նյարդային բներ: Լճախխունջը, ի տարբերություն անձրևորդի փորի նյարդային շղթայի՝ մարմնի տարբեր հատվածներում ունի չորս զույգ նյարդային հանգույց, որոնք ապահովում են ոտքի և մնացյալ օրգանների նյարդավորումը: Փափկամարմինները զգայական օրգաններից ունեն քիմիական զգայունության և հավասարակշռության օրգաններ: Լճախխունջին բնորոշ են զգայարաններ, որոնցից ունեն աչքեր և շոշափելիքի օրգաններ: