Պատմություն

1. Սահմանիր Ավանդական հասարակություն հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն: Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:

1. Ավանդույթ – Պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ, ավանդություն:

2. Մշակույթ – Որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:

3. Հարկ – Պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից ևն գանձվող պարտադիր վճար, տուրք:

4. Սահմանադրություն – Պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

5. Օրենք – Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը:

2. Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ:

Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա ավանդաբար գալիս էր հնուց և պայմանավորված էր արհեսատական ոռոգման համակարգի առկայությամբ: Արևելքի ավանդական հասարակություններում մարդիկ դարեր շարունակ ապրում էին՝ չխախտելով իրենց նախնիների օրենքները:  Ի տարբրերություն Արևմտյան Եվրոպայի՝ Արևելքի երկրներում երկար պահպանվեց նաև քաղաքների կախվածությունը խոշոր ավատատերերից։ Արևելքում դեռևս ամուր էր նաև հասարակության դասային կառուցվածքը։

Հայոց պատմություն

Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)

Ռուս-պարսկական պատերազմ, 1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն պատմական Հայաստանի արևելյան գավառներում ՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև։

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ[5]: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից: Ռազմական գործողություններ

1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը: Նա բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը Աբբաս Միրզայի գլխավորությամբ մտավ Արցախ։ Աբբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշիի բերդը: Պարսիկների հարձակման ժամանակ այստեղ գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ լեհ գնդապետ Իոսիֆ Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտավորապես 1000 հոգանոց զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին: Այն պաշտպանում էին 3000 զինվոր (մեծ մասը հայեր) ։ Պարսկական ևս երկու զորագունդ շարժվում են Լոռու և Թալիշի ուղղությամբ. կարճ ժամանակ անց հետ է գրավվում Թալիշի խանությունը:

Ռուսական ղեկավարության հրամանը՝ Թիֆլիսից

Աբբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդի՝ Մահմադ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Ալեքսեյ Երմոլովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մահմադի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքոր գետի ափին։ Իմանալով որ գիշերը պարսիկները հարձակվելու են՝ Մադաթովը նախահարձակ է լինում ու առաջին ընդհարման ժամանակ քշում իրենից հնգապատիկ ավել բանակին։ Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։

Շամքորի և Ելիզավետպոլի ճակատամարտեր

1826 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շամքոր գետի ճակատամարտը՝ ռուսական 2 հազարանոց ու պարսկական 10 հազարանոց զորքերի միջև։ Ռուսական բանակը, հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորությամբ, նախահարձակ է լինում։ Պարսից զորքը, չնայած խուճապին, դիմադրում էին ռուսական բանակի գրոհներին: Նրանք նահանջեցին այն ժամանակ, երբ Մադաթովը առաջ քաշել տվեց գումարտակը, որն իր շարժվելու արդյունքում փոշի բարձրացրեց երկինք։ Պարսիկները հեռվից տեսնելով մտածեցին, թե դա հսկայական բանակ է, որն օգնության է հասել Մադաթովին՝ անկանոն նահանջեցին։ Այս ճակատամարտը ստիպեց Աբբաս Միրզային թողնել Շուշիի պաշարումը ու գնալ Մադաթովին ընդառաջ։

Չնայած որ ճակատի հրամանատար Ալեքսեյ Երմոլովը Մադաթովին հրամայել էր դիրքերը պահել մինչև հիմնական բանակի ժամանումը՝ Մադաթովը որոշեց առաջ շարժվել։ Նա առանց դիմադրության հետ գրավեց Ելիզավետպոլը։ Սեպտեմբերի 11-ին Իվան Պասկևիչը ժամանեց ռազմաճակատ ու փոխարինեց Երմոլովին։ Պատերազմի այդ ճակատում ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Ռուսական բանակի թիվը այդտեղ հասավ 8 հազարի, իսկ պարսկականինը նվազեց 35 հազար զինվորի։ Պասկևիչը սկզբում ուզում էր խուսափել բաց ճակատամարտից, բայց Մադաթովը նրան կարողացավ համոզել, որ այդ քայլի դեպքում պարսկական բանակի մարտունակությունը կբարձրանա։ Ճակատամարտի նախորդ օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը, Մադաթովին ներկայացան երկու հայ զինվորներ, որոնք ծառայում էին Աբբաս Միրզայի բանակում, ու հայտնեցին որ Աբբաս Միրզայի բանակը արդեն դուրս է եկել մթության քողի տակ ու շարժվում է առաջ՝ առավոտյան ճակատամարտը սկսելու համար։

Ելիզավետպոլի ճակատամարտ

Սեմպտեմբերի 14-ին պարսկական բանակը, կիսաշրջանաձև դասավորվելով, անցավ գրոհի։ Նրանց նպատակն էր՝ թվական առավելությունը օգտագործելով շրջափակել թշնամուն։ Մադաթովն օգտագործում է մարտունակության առավելությունը, թշնամուն թույլ տալիս առաջանալ, իսկ երբ զորքերի միջև հեռավորությունը հասավ ընդամենը 100 քայլի, Մադաթովը հրամայեց հարձակվել թշնամու վրա ու կատաղի կռիվ տալ։ Մարտունակության առավելությունը ճիշտ օգտագործելով՝ ռուսական զորքը հաղթեց ճակատամարտը։ Ճակատամարտից հետո ռուսական բանակը սկսեց հետապնդել պարսիկներին։

Այս ճակատամարտերից հետո Աբբաս Միրզան նահանջեց Արաքսի հարավային ափը: Դրանով ավարտվեց նաև Շուշիի հերոսական պաշտպանությունը, որը տևել էր 48 օր: Այն կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա՝ ձախողելով թշնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը[18]։ 1827 թվականի հունվար-փետրվարին ռուսական բանակի մի մասը զբաղված էր Արաքս գետից Արցախ ներխուժած տարբեր ցեղերի դեմ պայքարելով և Արցախը նրանցից մաքրելով[19]:

Նախիջևանի ու Երևանի ազատագրում

1827 թվականի գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: Մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը, իսկ մայիսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 հոգի[20]: Նույն ժամանակ ռուսական զորքերը կենտրոնացվեցին Երևանի Հասան խանի զորքի դեմ։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի զորամասերը մտան Երևանի խանության տարածք, գրավեցին Էջմիածինը և մոտեցան Երևանի բերդի մատույցներին: Հունիսի 15-ին Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան՝ գեներալ Աֆանասի Կրասովսկու գլխավորությամբ։ Վերջինս մասնակցել էր Ֆրանսիայի դեմ մղվող ռուս-ավստրիական պատերազմին, Օսմանյան կայսրության դեմ մղվող 1806-1812 թվականների, ինչպես նաև 1812 թվականի հայրենական պատերազմներին։ Արարատյան դաշտի խիստ շոգ կլիմային ոչ սովոր ռուսները վարակվեցին տենդերով և դիզենտերիայով, և մարտունակ զինվորների քանակը իջավ 4000-ի: Ռուսներն առժամանակ դադարեցրին պաշարումը և բարձրացան Արագած լեռ՝ Էջմիածնում թողնելով Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ, և 700 հիվանդ զինվոր:

Օշականի ճակատամարտ

Մեկ այլ զորամաս մտել էր Նախիջևանի խանություն. քաղաքը հանձնվեց կարճ ժամանակ անց: Դրանից ոչ հեռու գտնվող Աբբասաբադ ամրոցը շարունակում էր դիմադրել: Պաշարումը տևեց մեկ շաբաթ՝ հուլիսի 1-7-ը: Այդ ընթացքում ռուսները կասեցրին Աբբաս Միրզայի՝ օգնական զորքերի ժամանումը: Ռուսների հաղթանակի պատճառներից մեկը Նախիջևանի Էհսան խանի դավաճանությունն էր պարսկական զորքին[21]: Երևանի խանությունն, այսպիսով, պաշարված էր երեք կողմից. Պարսկաստանին կապող միակ ճանապարհն անցնում էր Մակուի և Իգդիրի միջոցով:

Աբբաս Միրզան անցնում է հակահարձակման. օգոստոսին պարսկական 9 հազարանոց հետևակը և 21 հազարանոց հեծելազորը[22], որը զինված էր 24 թնդանոթով, մոտենում է Էջմիածնի մատույցներին, երբ ռուս զինվորները հանգստանում էին Արագած լեռան լանջերին: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ: Նրանց դեմ կանգնած էր ռուսական 3 հազարանոց ջոկատը, հայ և վրացի կամավորներ, որոնք միասին ունեին 12 թնդանոթ[23]: Պարսիկները ճակատամարտում պարտություն կրեցին, և դրա հետևանքով ռուսները ոչ միայն չհանձնեցին Էջմիածինը, այլև գրավեցին Սարդարապատը, ևս մեկ անգամ մոտենալով Երևանին: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասկանալով, որ սա լինելու է վերջին ճակատամարտը Հայաստանում՝ պարսիկները չհանձնեցին բերդը[24]:

Երևանի բերդի գրավում

Սեպտեմբերի վերջին գեներալ Պասկևիչը հրամայում է գրոհել[Ն 2]: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը. հոկտեմբերի 1-ին պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում ընկնում է: Գերեվարվում են 3000 զինվոր, 100 թնդանոթ, զենք ու զինամթերք: Երևանի վերջին՝ Հասան խան Ղաջարը գերեվարվածների թվում էր: Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով: Դա իսկական տոնախմբություն էր ժամանակի հայության համար: Ռուսական զորքերը շարունակում են հաղթարշավը և շարժվում Թավրիզի ուղղությամբ[25]: Վերջինս Ղաջարական Պարսկաստանի երկրորդ խոշոր քաղաքն էր, առևտրական կարևորագույն հանգույց[26]: Վրացի գեներալ Գեորգի Էրիսթավի առաջապահ ջոկատը մտավ Մակուի խանություն, ապա հոկտեմբերի 3-ին գրավել է Մարանդը, որն ընկած էր Մակու-Թավրիզ ճանապարհի կենտրոնում: Տասը օր անց նույն ջոկատը մտավ Թավրիզը, իսկ գլխավոր ուժերն այստեղ հասան հոկտեմբերի 19-ին: Քաղաքի կայազորը փախուստի մատնվեց, և 60.000 բնակիչ ունեցող քաղաքը առանց դիմադրության հանձնվեց: Պարսիկները չէին շտապում հաշտություն խնդրել, ուստի ռուսները գրավեցին Խոյի խանությունը՝ Սալմաստ և Խոյ հինավուրց բնակավայրերը, ինչպես նաև Ուրմիայի խանությունը՝ համանուն կենտրոնով: Այստեղ նրանց աջակցում էին ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև ասորիները:

Թուրքմենչայի պայմանագրի կնքում

1828 թվականի Փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը՝ Ռուսաստանի և Իրանի միջև[27]։ Պայմանագրով Ռուսաստանին անցան Երևանի ու Նախիջևանի խանությունները, և Իրանը Ռուսաստանին վճարեց 20 միլիոն ռուբլի ռազմատուգանք[28]։ Այս պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, որով ոչ միայն այդ երկրի հյուսիսը, այլև Կասպից ծովը վերցնելով իր ազդեցության տակ։

Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից. շահ Աբբասի կազմակերպած հայերի բռնագաղթից երկու դար անց Արևելյան Հայաստանում հայ բնակչության թիվը հասնում էր 35 հազարի, իսկ իսլամադավան բնակչությունը հայերին կրկնակի գերազանցում էր: Ալեքսանդր Գրիբոյեդովը և Ներսես Աշտարակեցին կազմակերպեցին 40-42 հազար հայերի ներգաղթը նորաստեղծ Հայկական մարզ: Փոխարենը այստեղից հեռացան հազարավոր մուսուլմաններ: Ժողովրդագրական կազմը ավելի փոխվեց հօգուտ հայերի, երբ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանից Ջավախք, Շիրակ ու Սևանի ավազան եկան ևս 80 հազար հայեր: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման կենտրոն:

Պատմություն

Նապոլեոնի դարաշրջան

Նապոլեոնի վարչակարգը

1799 թվականի հեղաշրջումից հետո Ֆրանսիայի հանրապետությունը շարունակեց ձևականորեն գոյություն ունենալ մինչև 1804 թվականը։ Գալով իշխանության՝ Նապոլեոնը հայտարարեց. «Հեղափոխությունը հասել է այն նպատակներին, որոնց համար սկսվել էր։ Հեղափոխությունն ավարտված է»։ Նա խոստանում էր պահպանել հեղափոխության նվաճումները և դրանք զարգացնել միայն բարեփոխումների ճանապարհով։

1804 թվականին անցկացվեց հանրաքվե, և Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»։ Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նրա շքեղ թագադրությունը։ Այսպես հիմնադրվեց Առաջին կայսրությունը, որը գոյատևեց մինչև 1814 թվականը։

Բարենորոգումները

Նապոլեոնի բարենորոգումները վերաբերում էին հասարակական կյանքի բոլոր ասպարեզներին։ Նա անձամբ էր հետևում դրանց ընթացքին։

Տնտեսություն։ Կայսեր ջանքերով զարկ տրվեց ծանր արդյունաբերությանը։ Տասը տարվա ընթացքում հիմնվեց հարյուր խոշոր ձեռնարկություն՝ հանքահարսստացման, մետաղաձուլության, զինագործության, նավթաշինության, սարքաշինության։ Բուռն ճանապարհաշինության արդյունքում կայուն կապ հաստատվեց երկրի տարբեր շրջանների միջև։ Աշխուժացան տնտեսական կապերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Տնտեսության զարգացման նպատակով հիմնվեց Ֆրանսիական բանկ։ Շրջագայության մեջ դրվեց դրամական նոր միավոր ֆրանկը։ Արդյունաբերության ցուցանիշներով Ֆրանսիան զբաղեցրեց երկրորդ տեղը աշխարհում՝ զիջելով միայն Անգլիային։

Օրենսդրություն։ Մեծ հեղափոխությունից հետո Ֆրանսիայում հաստատվել էին հասարակական նոր հարաբերություններ։ Հարկ էր դրանց տալ իրավական ձևակերպում։ Կայսրը կազմեց «Քաղաքացիական օրենսգիրքը», որը տարածվեց նաև Եվրոպայում։ Այն ամրագրում էր մարդկանց բնական իրավունքները։ Առանձնակի ուշադրություն էր դարձվում ընտանիքի և սեփականության խնդիրներին։ Ընտանիքը ճանաչվում էր որպես հասարակության կարևորագույն բջիջ։ Կարգավորվեցին նաև տնտեսական, քրեական, դատական բնագավառները։

Վարչական համակարգ։ Հեղափախության տարիներին Ֆրանսիայում ձևավորվել էր նոր վարչական կառույց։ Երկիրը բաժանվել էր դեպարտամենտների(նահանգ)` յուրաքանչյուրն իր ընտրովի վարչակազմով։ Նապալեոնը պահպանեց դրանք։ Նրա նշանակած պաշտոնյաները(պրեֆեկտ) տնօրինում էին նահանգների բոլոր կարևոր գործերը։ Այս կերպ պետության կառավարումը խիստ կենտրոնացվեց։

Մշակութային ձեռնարկումներ։ Կայսրը` իրեն համարելով լուսավորականների հետևորդ, ձգտում էր նրանց գաղափարներով ձևավորել ազգային նոր վերնախավ։ Բոլոր դեպարտամենտներում ստեղծվեցին պետական վարժարաններ, որոնք տալիս էին միջնակարգ կրթություն։ Այնուհետև բացվեցին բարձրագույն բժշկական, իրավաբանական և ռազմական դպրոցներ։ Այդ բոլորի պսակը դարձավ Կայսերական համալսարանը։ Նապոլեոնը հովանավորում էր գիտությունը և արվեստը։ Ձևավորվեց կայսերական նոր ազնվականությունը, որի շատ ներկայացուցիչներ դուրս էին եկել ստորին խավերից։

Կրոնական հանդուրժողականություն։ Հեղափոխության տարիներին պայքար էր ծավալվել կաթոլիկ եկեղեցու դեմ։ Բայց Նապոլեոնը հասկանում էր, որ դա վիրավորում է միլիոնավոր կաթոլիկների կրոնականզ գացմունքները և պառակտում ազգը։ Հետևելով խղճի ազատության սկզբունքին՝ նա կաթոլիկությունը ճանաչեց «ֆրանսիացիների մեծ մասի կրոն»։ Հին կարգերի կողմնակիցները շարունակում էին պայքարը։ Կայսրը երբեմն դիմում էր խստությունների։ Անգամ մտցրեց գրաքննություն, փակեց որոշ թերթեր ու ամսագրեր։ Սակայն Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո էլ բարենորոգումները պահպանեցին իրենց ուժը։ Մեծ էր դրանց ազդեցությունը նաև այլ երկրների վրա։

Նապոլեոնը կռվի դաշտում

Պատերազմները և «Մեծ տերության» կազմավորումը

Բարենորոգումների ուղիով ընթացող Ֆրանսիան արագորեն հզորանում էր։ Դա սարսափեցնում էր հարևան երկրներին, այդ թվում՝ Անգլիային և Հոլանդիային։ Նրանց ընդհանրումն անխուսափելի էր։ Հեղափոխության ընթացքում Ֆրանսիայում ձևավորվել էր նոր բանակ։ Դրա շարքերում աճել էին Նեյը, Դավուն, Մյուրատը և այլք։ Նորություն էր սպայակույտի(ռազմական շտաբ) ստեղծումը, որը կոչված էր մշակելու մարտական գործողությունների ծրագրեր։ Սկզբում Ֆրանսիան վարում էր պաշտպանողական պատերազմ, բայց հետո անցավ հարձակման և հասավ հաջողությունների։ Պատերազմները հեղափոխական էին՝ միտված տապալելու ավատատիրական կարգերը։ Նրանք ողջ Եվրոպայում տարածում էին ժամանակի առաջավոր գաղափարները՝ մարդու և քաղաքացու ազատությունները, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պատերազմները նպաստում էին Ֆրանսիայի տիրապետության տարածմանը։ Շուտով Եվրոպայի առաջատար երկրները հայտնվեցին Ֆրանսիայի տիրապետության կամ ազդեցության ներքո՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պրուսիան, Բացառություն էին Ռուսաստանը և Անգլիան։

Առաջին ֆրանսիական կայսրությունը 1811 թվական

Տերության կործանումը

Ռազմական ուժի վրա հիմնված «Մեծ տերությունը» անընդհատ ծավալման միտում ուներ։ Նապոլեոնը երազում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Այդ նպատակով նա ստեղծել էր Մեծ բանակը, որի կազմում հավաքագրված էին նաև դաշնակից երկրների ուժերը։ 1812 թվականին Մեծ բանակը մտավ Ռուսաստան։ Օգոստոսին Բորոդինոյի դաշտում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը։ Ռուսական բանակը պարտվեց և հանձնեց Մոսկվան։ Ռուսաստանի համար պատերազմն ընդունեց համաժողովրդական բնույթ, բանակը համալրվում էր և զորանում։ Այրված և կողոպտված Մոսկվայում Նապոլեոնը իրեն զգում էր թակարդում։ Ռուսական զորքերն անցան հակահարձակման և ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել։ 1812 թվականի դեկտեմբերին Մեծ բանակի մնացորդները լքեցին Ռուսաստանը։ Ֆրանսիայի դեմ ձևավորվեց նոր ռազմական դաշինք՝ Ռուսաստան, Անգլիա, Պրուսիա, Ավստրիա և այլ երկրներ։ 1813 թվականի Լայպցիգի Ճակատամարտում դաշնակիցները հաղթանակ տարան և մտան Փարիզ։ Նրանք Նապոլեոնին աքսորեցին և Ֆրանսիայում վերականգնեցին տապալված արքայատոհմը։

Հին վարչակարգի վերականգնումը մեծ դժգոհություն առաջացրեց Ֆրանսիայում։ Օգտվելով դրանից՝ 1815 թվականի մարտին Նապոլեոնը փախավ աքսորից, վերադարձավ և վերականգնեց կայսրությունը։ Սակայն նրա իշխանությունը տևեց ընդամենը հարյուր օր։ Դաշնակիցներն արագ վերամիավորվեցին։ Նապոլեոնը պարտություն կրեց և այս անգամ աքսորվեց Ատլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։

Պատմություն

Կրոմվել Օլիվեր

Օլիվեր Կրոմվելը XVII դարի անգլիական հեղափոխական գործիչ է: Իր ստեղծած «երկաթակողերի բանակով» հաղթել է թագավորական զորքերին. 1649 թ-ին Անգլիան հռչակել է հանրապետություն, իսկ 1653 թ-ին ինքն իրեն հռչակել է ազգի հովանավոր (պրոտեկտոր):

Օլիվեր Կրոմվելը մեծացել է պուրիտանական (կրոնական ուղղություն Անգլիայում) ընտանիքում: Հոր մահից հետո մեկնել է Լոնդոն՝ իրավունք ուսումնասիրելու: Քաղաքական գործունեությունն սկսել է 1628 թ-ին, երբ առաջին անգամ ընտրվել է խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր: 1640 թ-ից ընդդիմության գործիչներից էր: Ստյուարտների դեմ  նրա ճառերն աչքի են ընկել բուրժուազիայի և նոր ազնվականության շահերի պաշտպանությամբ:

Թագավորի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կրոմվելն ստեղծել է բանակի նոր տեսակ՝ «երկաթյա» կարգապահությամբ, որն ստացել է «երկաթակողերի բանակ» անվանումը և դարձել վերակազմված խորհրդարանական բանակի կորիզը: 1645 թ-ի հունիսի 14-ին Նեսբի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է Կառլոս I Ստյուարտի բանակը:

Քաղաքացիական պատերազմներն Անգլիայում ավարտվել են խորհրդարանի հաղթանակով, միապետականների վերջնական պարտությամբ և թագավորի գերեվարումով: Հաղթողների ձեռքն է ընկել Կառլոս I-ի գաղտնի գրությունը, որով նա դիմել էր Ֆրանսիայի թագավորի օգնությանը և իշխանությունը պահպանելու համար պատրաստ էր երկիրը հանձնել օտարերկրյա զավթիչներին: Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոս I-ին՝ որպես «դավաճանի ու բռնակալի», 1649 թ-ի հունվարի 30-ին գլխատել են: Օրենսդրական ակտով վերացվել են թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը:

1649 թ-ի մայիսի 19-ին Անգլիան հռչակվել է հանրապետություն: 1650 թ-ին  խորհրդարանը Կրոմվելին պաշտոնապես նշանակել է լորդ գեներալ՝ հանրապետության բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատար: 1649– 1650 թթ-ին անգլիական բանակը դաժանորեն ճնշել է դեռևս 1641 թ-ին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը: 1652 թ-ին Իռլանդիան միացվել է Անգլիային: 1650–52 թթ-ին Կրոմվելը հնազանդեցրել և Անգլիային է միացրել Շոտլանդիան: 1653 թ-ի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրել է հանրապետությունը և հաստատել ռազմական բռնապետություն՝ լորդպրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի միանձնյա իշխանությամբ: Հատկապես ակտիվ են եղել Կրոմվելի գաղութակալական ձեռնարկումները: Երկիրն առաջին քայլերն սկսել է համաշխարհային գերիշխանության համար:

Կրոմվելի մահից կարճ ժամանակ անց վերացվել է պրոտեկտորատի վարչակարգը: Երկրում ստեղծվել է քաղաքական խառնակ իրավիճակ, ակտիվացել են ժողովրդական շարժումները: Այս պայմաններում բուրժուաազնվականական շրջաններն անհրաժեշտ են համարել վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը: 1660 թ-ի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր խորհրդարանը Կառլոս I-ի որդուն հռչակել է թագավոր՝ Կառլոս II անունով:

Աղբյուրը՝ https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1261

Պատմություն

Նադիր շահի պատմական կերպարը

Իրանի հզոր տիրակալի կյանքի ու գործունեության շատ դրվագներ անմիջականորեն կապված են Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Նրա կերպարը «Թմբկաբերդի առումը» պոեմում կերտել է Հովհաննես Թումանյանը: Պատմաբանները նրան Նադիր շահ են կոչում, բայց Իրանի ահեղ տիրակալը երբեք շահի տիտղոս չկրեց` բավարարվելով իր համար համեստ խանի տիտղոսով: Նադիր ղուլի՝ նշանակում է հրաշքների ստրուկ: Այդպես էին կոչում Իրանի զորեղ տիրակալին: Նա ծագումով թուրքմեն էր՝ աֆշար ցեղից: Ծնվել է 1688 թ. օգոստոսի 6-ին: Հայրը թաղիքագործ էր: Նադիրը հոր վաղաժամ մահից հետո ընտանիքի հոգսը հոգում էր ուղտով փայտ վաճառելով: Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել պատանու համար: Նադիրին ու մորը գերեվարում են ուզբեկներն ու ստրկության վաճառում: Սական շատ չանցած՝ պատանին փախուստի է դիմում և ավազակությամբ զբաղվում: Շուտով նա դառնում է անվանի ավազակապետ, որի գործունեության վայրը Խորասան նահանգն էր: Նադիրը կարողացավ մեծ ավազակախումբ հավաքել և ահ ու սարսափ տարածել շրջապատում: Նա դարձավ ազդեցիկ ու հզոր իշխանավոր: Նրա մտերմությունն էին որոնում շատ խաներ: Ի թիվս այլոց, Նադիրի ծառայություններից հաճախ էր օգտվում Խորասանի Բաբուլ բեկը: Նադիրը ծառայության անցավ նրա մոտ, քիչ անց փախցրեց նրա աղջկան ու ամուսնացավ հետը: Ծնվեց զավակը՝ Ռեզա ղուլին: Նադիրի կյանքի համար շրջադարձային էր Գելաթ քաղաքում հանդիպումը ծերունի հորեղբոր հետ, որը կոչ արեց թողնել ավազակությունն ու կյանքը նվիրել աֆղան հրոսակախմբերից Իրանն ազատագրելու սրբազան գործին: Երիտասարդն անմիջապես գործի անցավ: Ազատագրեց Գելաթը, ապա՝ Մազանդարանը, որից հետո շահ Թահմասպ Երկրորդն իր մոտ հրավիրեց Նադիրին: Ծառայության անցնելով Իրանի շահի մոտ՝ Նադիրն իր անունը փոխեց, դարձավ Թահմազ ղուլի, որ նշանակում է Թահմազի ծառա: Նադիրը զորահրամանատար դարձավ, ստացավ խանի տիտղոս: Նադիրը կարողացավ ճնշել աֆղանների ապստամբությունը, աֆղաններից մաքրել Խորասանը, Շահ Թահմազին մեծ հանդիսավորությամբ բազմեցրեց Սպահանի գահին: Սակայն շահ Թահմազը չէր կարող հաշտվել Նադիրի հեղինակության հետ և նրա ազդեցությունից ազատվելու համար փորձեց նրան հեռացնել ասպարեզից: Իմանալով դա՝ Նադիրն իր 50 հազարանոց բանակով մտավ Սպահան, գահընկեց արեց Թահմազին ու գահ բարձրացրեց նրա վեց ամսական որդուն` շահ Աբաս Երկրորդին՝ դառնալով երկրի փաստացի տիրակալը: Նադիրը Իրանի ամբողջականությունը վերականգնելու համար պատերազմ հայտարարեց Թուրքիային, Բաղդադի մոտ ջարդեց թուրքական 100 հազարանոց բանակը, նվաճումներ արեց Կովկասում: Նա ռուսներից հետ վերցրեց մերձկասպյան երկրները, բացառությամբ Բաքվի և Դերբենդի, գրավեց Երևանն ու Թիֆլիսը: Օգտվելով ընձեռնված առիթից՝ 150 հազարանոց թուրքական բանակը, գրավելով Հարավային Անդրկովկասը, անցավ Արաքսն ու մտավ Իրանի տարածք: Թուրքերը գրավեցին Խոյը, Մարաղան, Թավրիզը: Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը ճանաչեց թուրքերի իրավունքները նվաճած երկրների վրա, փոխարենը թուրքերը Աշրաֆին ճանաչեցին Իրանի տիրակալ: Սակայն 1729 թ. սեպտեմբերին Նադիրը ջախջախեց Աշրաֆի աֆղանական բանակն ու գահընկեց արեց նրան: Նա թուրքերին վտարեց նաև Թավրիզի շրջանից, սակայն շահ Թահմասպ Երկրորդն առանց Նադիրի պարտվեց թուրքերին, և վերջիններս ամրացան Անդրկովկասում: Միայն 1734 թ. Նադիրի զորքերը մտան Անդրկովկաս և վտարեցին այնտեղից թուրքերին: Նադիրի արշավանքը ցնծությամբ դիմավորեց հայությունը, որ ամեն կերպ սատարում էր պարսկական բանակին: Մանավանդ 1735 թ. Եղվարդի վճռական ճակատամարտում էական էր հայերի ցուցաբերած աջակցությունը պարսկական բանակին: Նադիրի բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ: 1736 թ. Էրզրումում կնքված պայմանագրով Թուրքիան կրկին ճանաչեց Պարսկաստանի իրավունքները Արևելյան Հայաստանի վրա: Իր ռազմական տաղանդի պատճառով շատ ժամանակակից պատմաբաններ Նադիր շահին պարսկական Նապոլեոն էին կոչում: 1736 թ. Նադիրը սպանել տվեց մանուկ շահ-Աբաս Երկրորդին ու Մուղանի դաշտում թագադրվեց հայոց Աբրահամ կաթողիկոսի ձեռքով` այդպիսով Իրանում հիմք դնելով Աֆշարիների հարստությանը: Երբ Իրանում թագադրման արարողության ժամանակ գահ էր բարձրանում շահը, նրա մեջքին սուր էին կապում: Նադիրը պահպանեց այդ արարողակարգը, սակայն Մուղանի դաշտում այդ պատիվը նա վերապահեց հայոց Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին: Նա արշավանքներ ձեռնարկեց և գրավեց Աֆղանստանը, Միջին Ասիան, Հնդկաստանի հյուսիսը: Հաղթանակներ տարավ Իրաքում, Պարսից ծոցի ավազանում, Պակիստանի տարածքում: Նադիրը կասկածամիտ էր և բռնկուն բնավորություն ուներ: Երբ իմացավ, որ իր որդի Ռիզա ղուլի Միրզան դավ է նյութում իր դեմ, առանց քննություն կատարելու կուրացրեց նրան: Հետո պարզվեց, որ որդին անմեղ է, բայց արդեն ուշ էր: Նա սիրում էր հայերին, հատկապես` Աբրահամ կաթողիկոսին: Նրան միշտ իր սեղանակիցն էր դարձնում: Հայերն էլ իրենց հերթին աջակցում էին Նադիրին պատերազմներում: Կաթողիկոսը Մուղանից հետո բոլոր երեխաներին ի պատիվ նրա Մուղան անունով էր մկրտում: Անձամբ Նադիր Շահը Հայաստանում եղած ժամանակ Էջմիածնում մասնակից է եղել պատարագի: Նա Էջմիածնի վանքին նվիրեց 1000 թուման վերանորոգման համար, ինչպես նաև՝ 15 կգ քաշով ոսկե ջահ, որ բերել էր տվել Քիրմանշահից: Նադիրն արտոնություններ շնորհեց հայ եկեղեցուն ու հոգևորականությանը: Նա թույլատրեց Մելիք Հակոբջանյաններին Երևանում դրամատուն հիմնել և արծաթե ու պղնձե դրամներ հատել: Նադիր շահի մտերիմներից էր նաև Արցախի Խաչենի մելիք Եգանը, որ պարբերաբար մասնակցում էր Նադիրի արշավանքներին: Նադիր շահը, գնահատելով մելիք Եգանի ծառայությունը, խանի տիտղոս շնորհեց նրան, Արցախն անջատեց Գանձակի խանությունից և առանձին վարչական միավոր ստեղծեց՝ Խամսայի մելիքությունները՝ առանձին կիսանկախ հայոց պետությունն Անդրկովկասի հարավում: Առանձին շնորհների արժանացան նաև Գեղարքունիքի, Սյունիքի և Ղարադաղի հայ մելիքները: Կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին նրա մասին գրել է «Պատմագրությիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» աշխատությունը: Նրա մտերիմներից էր նաև Թոփուզ Մելիքջան Մելիք-Շահնազարյանը, որին Նադիր շահը Երևանում նշանակեց քալանթար-կառավարիչ Երևանի խանից անկախ` ի հատուցումն նրա ծառայությունների, երբ մելիքը, Կարբիի ճակատամարտում իր զորքերով միանալով շահին, թիկունքից հարվածեց թուրքերին: Նա Մելիքջանին բաբա` հայր էր կոչում: Մի առիթով գժտվում են Մելիքջանն ու Երևանի խանը: Շահը նրանց կանչում է դատի: Մեղավոր է ճանաչվում խանը: Բայց Մելիքջանը, փռվելով շահի ոտքերի առաջ, խնդրում է ներել նրան: Զայրացած շահը խեղդամահ է անում երկուսին էլ: Մելիքջանի իրավունքները շահը տալիս է նրա որդուն` Մանուչարին: Շահի սպանությունից հետո, Երևանում մահմեդականները սպանում են նաև Մանուչարին: Կասկածամիտ բռնակալը որոշել էր քարուքանդ անել Նոր Ջուղան, բայց չհասցրեց: Նա արդեն հոգեկան հիվանդության ու մոլագարության էր հասել: 1747 թ. հունիսի 19-ին 59 տարեկան հասակում նա սպանվեց իր երեք մերձավոր սպաների ձեռքով: Աղբյուրը՝ http://archive3.ankakh.com/article/26732/%e2%80%8bnadir-shah

Պատմություն

Պատերազմ

Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակ։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ Որպես կանոն, պատերազմը հակառակ կողմին սեփական կամքը թելադրելն է։ Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ Կլաուզևիցի ձևակերպմամբ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ բռնի միջոցներով»։ Քաղաքական ղեկավարությունից է կախված, սկսել պատերազմը, ինչ ինտենսիվությամբ այն վարել, երբ և ինչ պայմաններով համաձայնել հաշտության թշնամու հետ։ Քաղաքական ղեկավարությունից է կախված դաշնակիցների ձեռքբերումը, կոալիցյաների ստեղծումը։ Պետությունների ներքին քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն ունի պատերազմի ընթացքի վրա։ Այսպես, թույլ իշխանություները արագ հաջողությունների կարիք ունեն։ Հաջողությունը պատերազմում կախված է ինչպես ներքին քաղաքականությունից, այնպես էլ ներքաղաքական ղեկարության և ռազմական հրամանատարության միջև համաձայնույթունից։

Պատերազմում նպատակին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է՝ որպես գլխավոր և վճռորոշ միջոց, կարևորվում են նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն և պայքարի այլ միջոցնրը։ Այս իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է հասնել քաղաքական նպատակների։ Տոտալ պատերազմը դա զինված բռնություն է, որը հասցվել է ծայրահեղ սահմանների։ Պատերազմի գլխավոր միջոց են հանդիսանում զինված ուժերը (բանակ, ավիացիա և նավատորմ)։ Պատերազմի ընդհանուր նպատակը մշտապես թշնամուն ուժազրկելու մեջ է՝ մինչև վերջինս դադարի դիմադրելը։ Դրան կարելի է հասնել ոչ բարեկամական զինված ուժերին և պետություններին հաղթելու, իսկ երբեմն էլ գոյության համար անհրաժեշտ միջոցները անհասանելի դարձնելու միջոցով։ Ռազմական առումով ուժեղ պետությունների ռազմական կոնֆլիկտները ավելի ցածր մակարդակում գտնվող պետությունների հետ բերում են խաղաղության պարտադրման, ռազամական էքսպեդիցաների կամ նոր տարածքներ զավթման։ Փոքր պետություններում՝ հանգեցնում են նեխուժման կամ ռեպրեսիաների, ներքին խմբավորումների ապստամբության, ներքին կոնֆլիկտների (քաղաքացիական պատերազմ)։ Նման միջադեպերը, երբ հանդիպում է բավական ուժեղ դիմադրության կամ ձգձգվում են, կարող են լուրջ թափ ստանալ, որպեսզի որակվեն որպես «պատերազմ»։ Պատերազմի բացակայությունը կոչվում է խաղաղություն։

Հայոց պատմություն

Նորավանք

Հայկական ճարտարապետական նշանավոր այս համալիրը  գտնվում է Ամաղու գյուղից արևելք, անդընդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա։ Վանքի տարածքը սրբատեղի է եղել և ուխտատեղի դեռ վաղ միջնադարում իր հրաշագործ աղբյուրի շնորհիվ և հայտնի էր որպես Ավագ կամ Խորաձոր անապատ:

Վանական համալիրը հիմնադրվել է ավելի ուշ՝ XII դարում և կառուցապատվել հիմնականում XIII-XIV դդ.: Անապատը Նորավանք է վերանվանվել 1221-ին:

Համաքրիստոնեական միջնադարյան արվեստի համար աննախադեպ է Հայր Աստծո և Սուրբ Հոգու պատկերագրությունը, որն արվել է Նորավանքի որմնաքանդակներում:  Նորավանքի այդ քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:

Ավանդազրույցներ վանքի մասին

Մոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել: Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնում: Մոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:

Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ուգիշեր` մտածելով Լուսիկի մասին, նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրամարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճարը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` շարելով գիշեր ու զօր: Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և նրա քարերից ոչ մեկը դեռ չէր պակասել:

 Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբրև թե իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ մնաց, որովհետև նրա վերջին քարը չդրվեց, այլ շիրմաքար դարձավ վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը շիներ, ուստի միշտ նոր էր մնալու: Եվ այդ պատճառով էլ վանքի անունն էլ մնաց Նորավանք:

Աղբյուրը՝ http://ostarmenia.com/hy/noravanq-am/

Հայոց պատմություն

Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկիյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել խաչակիրների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում: 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: 1226 թ-ին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին` Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մահմեդական թշնամիների, հատկապես` մամլուքների դեմ: 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան` թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների: Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375թ-ին գրավեցին մայրաքաղաք Սիսը: Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես գրավվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թ-ին:

Կիլիկիյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև առաջացել էին ռազմական և տնտեսական կապեր, որոնց հետևանքով Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ: Իսկ հասարակությունը վերածվեց ֆեոդալականի: Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության շատ տարրեր: Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը` Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

Աշխարհագրական դիրք

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր: Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից` անմատչելի լեռներով: Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն: Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից` Լեռնային Կիլիկիա և Դաշտային Կիլիկիա: Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը:

Հայերը Կիլիկիայում

Դեռևս Հայկյան Արամի իշխանության տարիներին Կիլիկիայի հյուսիսային հատվածը մտնում էր Հայքի կազմի մեջ: Սակայն ընդունված է համարել, որ հայերը մուտք են գործել Կիլիկիա մ.թ.ա. 1-ին դարում, երբ Տիգրան Մեծը նվաճել էր Մերձավոր Արևելքի մեծ մասը: Մ.թ.ա. 83 թ. քաղաքացիական պատերազմներից թուլացած Սելևկյանները հրավիրեցին Տիգրանին Ասորիք: Հետագայում Տիգրանը նվաճեց Փյունիկիան և Կիլիկիան: Նրա տերության հարավային սահմանը հասնում էր մինչև Իսրայելի Պտղոմայիս (ներկայիս Ակրա) քաղաքը: Իր հզորության գագաթնակետին Հայկական կայսրությունը ձգվում էր Պոնտական լեռներից (հարավարևելյան Փոքր Ասիա) մինչև Միջագետք, և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Տիգրանը նույնիսկ ներխուժել էր Պարթևաստանի մայրաքաղաք Էկբատան: Սակայն մ.թ.ա. 27 թ. Հռոմեական կայսրությունը նվաճեց Կիլիկիան և դարձրեց այն իր արևելյան պրովինցիաներից մեկը:

Աղբյուրը՝ https://uniarm.wordpress.com/%D5%AF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Պատմություն

Աշխարհի ամենահետաքրքիր վայրերը

1.Նիիհաու

Նիիհաուն Էկզոտիկ և հեքիաթային գեղեցկություն ունեցող կղզի է, որը բնիկների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով փակված է զբոսաշրջիկների համար: Նիիհաուն բնակելի Հավայան կղզիներից 7-րդն է մեծությամբ: Այդ կղզու վրա չկան ասֆալտապատ ճանապարհներ: Այնտեղ չկան նաև խանութներ, ռեստորաններ, էլեկտրաէներգիա և ներքին կոյուղիներ: Մյուս կողմից, Նիիհաու կղզում գտնվում է Հավայան կղզիների միակ դպրոցը, և այն միակն է երկրում, որը հոսանք է ստանում արեգակի էներգիայով: Էլիզաբեթ Սինկլերը գնել է այս կղզին 1864 թվականին Հավայան թագավորությունից, և այդ կղզու մասնավոր սեփականության իրավունքն անցել է իր ժառանգներին՝ Ռոբինսոնների ընտանիքին:

1915 թվականին Սինկլերի թոռը՝ Օբրի Ռոբինսոնը, փակեց կղզին այցելուների համար՝ տեղացիների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով: Նույնիսկ կղզու բնակիչների բարեկամները կարող են այցելել նրանց միայն հատուկ թույլտվությամբ: Այսօր կղզու սեփականատերերից, բնակիչների բարեկամներից և ԱՄՆ-ի ռազմածովային խորհրդի ներկայացուցիչներից, Կառավարության մարմիններից և հատուկ հրավիրված հյուրերից բացի ոչ ոք չի կարող այցելել: Կղզում շատ հազվադեպ իրականացվում է ուղղաթիռներով երթ, երբեմն էլ՝ թույլատրվում է քայլել ափով, սակայն արգելված է մոտենալ տեղացիներին:

2Պայն Գեպ»

 Պայն Գեպը միակ «արգելված» վայրն է Ավստրալիայում: Այն հանդիսանում է արբանյակների դիտման և կառավարման պաշտպանական բազա, որը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում գտնվող Ալիս-Սպրինգս քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Բազան Ավստրալիայի և ԱՄՆ-ի ենթակայության տակ է: Կառուցը բաղկացած է ալեհավաքները պաշտպանող մեծ հաշվողական համալիրից: Բազայում աշխատում են 800 աշխատակից:

Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազան վերահսկվում է Ամերիկայի լրտես-արբանյակների կողմից, երբ նրանք անցնում են երկրագնդի 1/3 մասը, և ներառում են Չինաստանի, Ռուսաստանի մի մասը և Մերձավոր Արևելքի նավթի հանքերը: Կենտրոնական Ավստրալիան ընտրվել է այդ բազայի տեղակայման վայր, քանի որ այն գտնվում է շատ հեռու և լրտեսական նավերը չեն կարողանում

որսալ ազդանշանը:

3. «Լասկոյի քարանձավներ»

Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով: Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենալավ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:

Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: 1979 թվականին Լասկոյի քարանձավները ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ Ֆրանսիայի Վեզերի հովտի այլ պատմական տարածքներով հանդերձ:

Հայոց պատմություն

Անիի թագավորության անկումը

Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս:

Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք:

Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

Հայոց պատմություն

Անին` մայրաքաղաք

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք: Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում:

Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից: Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր Բագրատունյաց թագավորության հզորացումը: Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ: Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը:

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ. անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:

Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ: Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքն էր: Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի:

Աղբյուրը`   http://www.lib.armedu.am

Պատմություն

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Է Ֆիլոպատորը ծնվել է մթա 69 թվականին: Նա Պտղոմեոս ԺԲ Ավլետես թագավորի ավագ դուստրն էր: Բացի Կլեոպատրան՝ Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, ինչը նշանակում է Հայրասեր:

Եգիպտոսում տարածված էր ՙսրբազան ամուսնության՚ սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական դինաստիային այլ արյուն չխառնվի և գահի թեկնածուներ ուրիշ տոհմերից չհայտնվեն:

Կլեոպատրան հռոմեացի պատմիչների հավաստմամբ՝ ժամանակի ամենաուսյալ անձանցից էր. Բացի լատիներենից և հունարենից նա տիրապետում էր նաև ասորերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, լեզուներին: Նա նաև հմուտ էր մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում:

Կլեոպատրայի առաջին ամուսինը ավագ եղբայրն էր՝ իննամյա Պտղոմեոս ԺԳ: Նրա մահից հետո թագուհին ամուսնացավ մյուս եղբոր՝ Պտղոմեոս ԺԴ թագավորի հետ և լույս աշխարհ բերեց իր առաջնեկին:

Մթա 51 թվականին մահանում է Պտղոմեոս ԺԲ և գահն անցնում է Պտղոմեոս ԺԳ–ին և Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, ով երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխվեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից, ով Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին:

Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ գահակալության խնդիրը լուծել իր օգտին՝ որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին: Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա Է թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս ԺԴ-ին:

Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մթա 47 թվականին նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են:

Կլեոպատրան հույս ուներ, թե Կեսարիոնը կդառնա Հուլիոս Կեսարի ժառանգորդը հռոմեական գահին: Սակայն, չնայած, որ Կեսարը չէր թաքցնում Կեսարիոնի նկատմամբ իր գորովանքն ու հայրությունը, նա որդեգրեց իր քրոջ թոռանը՝ Օկտավիանոսին, և նրան նշանակեց իր ժառանգորդ: Մթա 44 թվականին Հռոմում սպանվեց Հուլիոս Կեսարը: Կլեոպատրան վտանգ զգալով՝ վերադարձավ Եգիպտոս:

Մի քանի տարի անց, Մարկոս Անտոնիոսը դառնալով Հռոմի եռապետ և կառավարման ոլորտ ընտրելով Արևելքը՝ ժամանեց Ալեքսանդրիա: Անտոնիոսը մեծամիտ, գոռոզ տիրակալ էր, ով ձգտում էր հասնել Ալեքսանդր Մակեդոնացու փառքին և նվաճել ողջ Արևելքը: Նրա փառասիրությանը իր հմայքով ու ոգեշնչմամբ հագուրդ տվեց Կլեոպատրան, ով իր դիրքերն ամրապնդելու համար առանց վարանանքի Անտոնիոսի սիրուհին դարձավ, իսկ մթա 37 թվականին, նրանք նաև ամուսնացան:  Անտոնիոսին թագուհին դիմավորեց հատուկ այդ նպատակով կառուցած կարմիր մահուդե առագաստներով մի նավով, որ ամբողջովին ծածկված էր վարդի թերթիկներով…

Մթա 36 թվականին Անտոնիոսը մեծ արշավանք սկսեց Պարթևստանի դեմ: Հայոց Արտավազդ Բ արքան չկամեցավ մասնակցել այդ արկածախնդրությանն ու չմիացավ Անտոնիոսին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց պարթևներից և զորքի մնացորդներով ճողոպրեց Հայաստան: Հայոց արքան ընդունեց հռոմեացիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից: Հեռանալով Եգիպտոս՝ Անտոնիոսն ու Կլեոպատրան միտք հղացան և իրենց խայտառակությունը կոծկելու համար դավաճանության մեջ մեղադրեցին հայոց արքային:

Նրանք ծուղակ պատրաստեցին Արտավազդի դեմ: Նախ խնամախոսություն ուղարկեցին Արտաշատ՝ առաջարկելով, որ Արտավազդի 11-ամյա դուստրը ամուսնանա Անտոնիոսի և Կլեոպատրայի 6-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ: Հայոց արքան մերժեց:

Անտոնիոսը մեծ բանակով մոտեցավ Հայաստանի սահմաններին: Արտավազդ Բ նրա ճամբար գնաց՝ բանակցելու: Այդժամ ուխտադուրժ ու նենգ հռոմեացին կալանեց հայոց արքային և իր հետ Ալեքսանդրիա տարավ:

Անտոնիոսը կյանք խոստացավ Արտավազդ արքային, եթե վերջինս համաձայնվեր գլուխ խոնարհեր Կլեոպատրայի առջև: Հայոց հպարտ ինքնակալը հրաժարվեց խոնարհվել եգիպտական հարճի առջև և գլխատվեց Կլեոպատրայի հրամանով:

Անտոնիոսի արևելյան քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց Հռոմում: Նա նաև փորձեց Հռոմում միանձնյա կայսերական իշխանության հասնել: Բախումը Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև անխուսափելի դարձավ: Հանգուցալուծումը եղավ Հունաստանի մոտ՝ Ակտիումի ճակատամարտում:

Այս ճակատամարտում՝ մթա 31 թվականի սեպտեմբերի 2-ին, Անտոնիոսի և Կլեոպատրայի զորքը թվային առավելություն ուներ Օկտավիանոսի նկատմամբ: Սակայն  ճակատամարտում Անտոնիոսի զորքը խորտակիչ հարված ստացավ: Ճակատամարտի ավարտից հետո Անտոնիոսն ու Կլեոպատրան փախան  Ալեքսանդրիա: Ստանալով Օկտավիանոսի բանակի մոտենալու լուրը՝ Անտոնիոսն ինքնասպան եղավ՝ նետվելով իր սրի վրա:

Կլեոպատրան դարձյալ դիմեց իր կանացի հմայքին՝ փորձելով գերել Օկտավիանոսին: Սակայն վերջինս թագուհու բանբերին հստակ պատասխանեց, որ Կլեոպատրան կզարդարի Հռոմում կայանալիք Օկտավիանոսի հաղթահանդեսը:

Դա մահից վատ էր փառատենչ ու գոռոզ եգիպտուհու համար: Եվ Կլեոպատրան վերջ տվեց իր կյանքին՝ ձեռքը մտցնելով սրվակը, ուր պահվում էր աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը՝ աֆրիկյան Նայան…

Առհասարակ, Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշորագույն կին գործիչն էր: