Հայոց պատմություն

ԽՈՍՐՈՎ ՄԵԾ

Պարսկաստանում Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավերում քաղաքներն ու բարեկարգ ավանները ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։ Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը: Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։ Այդպես, տասնմեկ տարի շարունակ Խոսրովը արշավում ու ավերում բոլոր այն երկրները, որոնք գտնվում էին պարսից թագավորի իշխանության տակ։