Կենսաբանություն

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:

Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:

Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:

Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:

Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի:

Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները

Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.

Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:

Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:

Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ: