Կենսաբանություն

Փափկամարմինների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառական, արտաթորական օրգանները, սեռական գեղձերը և հետանցքը:

Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերային, միջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:

Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:

Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:

Փափկամարմինները ունեն գրեթե  130.000  տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:

Լճախխունջը  4,5−5,5  սմ մեծությամբ և քաղցրահամ ջրերում կամ ջրային բույսերի վրա ապրող օրգանիզմ է: Լճախխունջի դարչնականաչավուն խեցին պարուրաձև է, ունի սուր գագաթ և լայն բացվածք: Լճախխունջի դեպքում ևս թիկնոցային խոռոչը ապահովում է օրգանիզմի կապը շրջակա միջավայրի հետ: Լճախխունջի բերանը գտնվում է գլխի ստորին կողմում: Բերանի կողքերում գտնվում են զույգ շոշափուկներ, որոնք շոշափելիքի, զգացողության դեր են կատարում: Գլխի վրա գտնվում են նաև զույգ աչքեր:

Մարսողական համակարգ

Լճախխունջը սնվում է ջրային բույսերով կամ օրգանական մնացորդներով: Լճախխունջի մարսողական համակարգը առանձնահատուկ է նրանով, որ արդեն իսկ ունի կատարյալ մարսողական գեղձեր, որոնցից են թքագեղձերը և լյարդը:

Լճախխունջի կլանում կա հատուկ օրգան՝ քերիչ, որը նման է ատամիկներով լեզվի, որով նա կարողանում է սնվել բույսերի փափուկ մասերով: Կերակրափողում բացվում են թքագեղձերի ծորանները, իսկ լյարդի արտադրած մարսողական ֆերմենտները ծորանով բացվում են բարակ աղիքում: Ուղիղ աղիքում կատարվում է մարսված սննդանյութերի ներծծում, և հետանցքով չմարսված մնացորդները հեռացվում են հետանցքով դեպի թիկնոցային խոռոչ և ապա արտաքին միջավայր:

Շնչառական համակարգ

Փափկամարմինները նյութափոխանակության կատարելագործմամբ պայմանավորված` կարիք ունեն մեծ քանակությամբ  O2 -ի: Մաշկային շնչառությունը այլևս չի կարողանում ապահովել լճախխունջի կողմից  O2 -ի ակտիվ սպառումը: Այդ ամենով պայմանավորված արդեն իսկ դրսևորվում է ձևավորված շնչառական համակարգ, որը կազմված է շնչառական ուղիներից և շնչառական օրգաններից՝ ցամաքային թոքերից կամ ջրային խռիկներից:

Շնչառական օրգանները հարուստ են մազանոթներով, որոնց մեջ կատարվում է գազափոխանակությունը՝ արյունը հագենում է  O2 -ով և ազատվում  C  O2 -ից:

Խռիկները հանդիպում են այն տեսակների մոտ, որոնք շնչում են ջրում լուծված թթվածնով: Դրանք տեղակայվում են թիկնոցային խոռոչում և պատված են թարթիչներով, որոնց շարժումները ստեղծում են ջրի հոսք, ինչը նպաստում է գազափոխանակությանը: Թոքերը հատուկ են մթնոլորտային թթվածնով շնչող փափկամարմիններին: Թոքն իրենից ներկայացնում է մազանոթներով հարուստ թիկնոցի ծալք, որը թոքային անցքով բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Արյունատար համակարգ

Լճախխունջի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս ձևավորված սիրտը: Այն կազմված է փորոքից և  1  կամ  2  նախասրտից: Սրտի կծկումները մղում են արյունը դեպի խոշոր անոթներ՝ զարկերակներ, այնուհետև՝ մազանոթներ, որտեղից այն դուրս է գալիս մարմնի խոռոչ: Սա նշանակում է, որ արյունատար համակարգը բաց տիպի է, այսինքն արյան մի մասը դուրս է գալիս անոթներից, շրջանառում է ներքին օրգանների միջև եղած խոռոչներում: Այդ ընթացքում կատարվում է նյութափոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Արյունը տալիս է թթվածինը և հարստանալով ածխաթթու գազով՝ հոսում է դեպի հատուկ արյունատար անոթ՝ երակ, որով էլ հոսում է դեպի թոք:

Արտաթորական համակարգ

Փափկամարմինների մոտ դիտվում է լավ զարգացած արտաթորության համակարգ: Ի տարբերություն օղակավոր որդերի նախաերիկամների՝ լճախխունջը ունի բարդ կազմավորված երիկամ, որի կառուցվածքային միավորներն են նեֆրոնները: Այսպիսով, արտաթորական համակարգը ներկայացված է մեկ երիկամով, որից դուրս եկող միզածորանը բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Նյարդային համակարգ

Լճախխունջի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից, որի վերկլանային նյարդային հանգույցը ավելի կատարյալ է զարգացած, քան ենթակլանային նյարդային հանգույցը: Լավ զարգացած վերկլանային հանգույցով կատարում է «գլխուղեղ»-ի դեր, որից դուրս են գալիս նյարդային բներ: Լճախխունջը, ի տարբերություն անձրևորդի փորի նյարդային շղթայի՝ մարմնի տարբեր հատվածներում ունի չորս զույգ նյարդային հանգույց, որոնք ապահովում են ոտքի և մնացյալ օրգանների նյարդավորումը: Փափկամարմինները զգայական օրգաններից ունեն քիմիական զգայունության և հավասարակշռության օրգաններ: Լճախխունջին բնորոշ են զգայարաններ, որոնցից ունեն աչքեր և շոշափելիքի օրգաններ:

Оставить комментарий