
Երկկենցաղներ
Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:
Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:
Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:
Երկկենցաղների մեջ տարբերում ենք.
անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:
պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:
անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:
Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:
Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I . գանգ, II . ողնաշար, III . գոտիներ, IV . վերջույթներ:
I. Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:
II. Ողնաշար. ունի 4 բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:
Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:
III. Գոտիներ
Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:
Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:
Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:
Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:
IV. Վերջույթներ
Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 4 ազատ մատներ:
Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած 5 մատներ:
Երկկենցաղների իրանի մկանների մի մասը պահպանել է հատվածավորությունը ձկների նման: Լավ զարգացած են անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները: Ձկների համեմատությամբ բարդացել են նաև երկկենցաղների բերանի և լեզվի մկանները: Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, գորտի տոտիկները համարվում են խորտիկ: