Կենսաբանություն

Հողաթափիկ ինֆուզորիան

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն  0,1−0,3  մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:

Մտրակների շարժմամբ սնունդը բերանով և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլը: Մարսողական վակուոլը  1  ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում սնունդը մարսվում է և յուրացվում:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից:

Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ: Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով:

Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: