1.Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները:
Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք: Աշխարհագրական թաղանթում նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն, ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):
2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի հողմահարման կեղևի ստորոտը:
3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք ձեր օրինակները:
Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված և ծախսված ջերմության հավասարակշռության խախտում:
4. Բնության ամբողջականության խախտման ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր շրջապատից:
Տաքացումը հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և
ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:
Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային
տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության
բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը:
5. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:
Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական (կանոնավոր) և
ցիկլային (փոփոխական):
Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն
են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված
ռիթմիկ երևույթները:
Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի
ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած
ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի: