Հիդրա
Բազմացումը
Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:
Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:
Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ:
Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով: Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:
Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:
Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:
Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր: