Ածականի համեմատության աստիճանները
Ածականի համեմատության աստիճանը արտահայտում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշն առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ, օրինակ` մեծ-ավելի մեծ-ամենամեծ և այլն:
Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (հարաբերական) ու գերադրական։
Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։
Բաղդատական աստիճանը կազմվում է ածականի դրական աստիճանին (ուղիղ ձևին) ավելացնելով ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն -(ա)գույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,
— (ա) գույն վերջածանցով (օրինակ` լավագույն),
ամենից, բոլորից բառերի միջոցով, որոնք ավելանում են ածականի ուղիղ ձևին:
Առաջադրանքներ
1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս, նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը առավել հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ամենասարսափելին է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ավելի արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ամենավտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն: